ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԸՆԹԵՐՑՈՂ ԵՐԵՎԱՆ» ԳՐՔԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

 Այսօր Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկնարկեց «Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառքը: Արդեն երրորդ տարին է, ինչ նման ցուցահանդես է անցկացվում «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում: Երկօրյա տոնավաճառին մասնակցում են ինչպես ճանաչված, այնպես էլ քչերին հայտնի հրատարակչություններ, որոնք ներկայանում են դասական ու արդի գրականության նմուշներով, մանկական, մասնագիտական, գեղարվեստական գրքերով և թարգմանություններով:

«Մասնակցում ենք գրքասերների համար, որպեսզի ներկայացնենք այն լավ գրքերը, որոնք վաճառվում են մեզ մոտ, մարդիկ գան, տեսնեն, գնեն և կարդան»,- մեզ հետ զրույցում ասաց «Բուկինիստ» հրատարակչության փոխտնօրեն Լորիս Վարդանյանը: Վարդանյանի գնահատմամբ` ամենամեծ պահանջարկն ունեն մանկական գրքերը: «Բուկինիստի» հրատարակած մանկական գրքերից հրատարակչության փոխտնօրենն առանձնացրեց «100 փաստ» շարքը, «Գիտելիքների հանրագիտարանը»: Չնայած վերջինս թանկ է, բայց ունի մեծ գնողունակություն:

Մանկական գրքերի մեծ պահանջարկի մասին փաստեց նաև մեր զրուցակիցներից «Արևիկ» հրատարակչության աշխատակից Մանուշակ Մուրադյանը: «Արևիկը» հայտնի է Անդերսենի, Թումանյանի, Գրիմ եղբայրների հեքիաթների հրատարակություններով: Հեքիաթներ, մանկական գրքեր գնելու համար քաղաքապետարան էին եկել շատ ծնողներ: «Հերթ են կանգնում, որ գնեն նվեր-գրքեր իրենց փոքրիկների համար»,- նշեց Մուրադյանն ու տեղեկացրեց, որ երկօրյա ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում գործում է ակցիա` գնելով մեկ գիրք, ընթերցողները կստանան նվեր երեք հեքիաթ: Ցուցահանդես-տոնավաճառի բացմանը ներկա էին ոչ միայն հրատարակիչներ, ընթերցասերներ, այլև գրադարանավարներ:

«Ընթերցող Երևան» ծրագիրը բերքահավաքի նման մի բան է. բոլոր հրատարակիչները իրենց գրքերը բերում են դաշտ, և մենք` գրադարանավարներս ազատ շփման միջոցով կարողանում ենք ընտրել և հետագայում մեր ընթերցողին մատուցել անհրաժեշտ գրականություն: Նմանատիպ ցուցահանդեսները ընթերցանության մշակույթի ձևավորման, այսօրվա գրական ավանդույթներին ծանոթանալու լավ առիթ են»,- Cultural.am–ի հետ զրույցում ասաց Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը։

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2960

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: