«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»․ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կինոսերները հնարավորություն կունենան դիտելու ֆիլմեր աշխարհի 37 երկրից։ Փառատոնին ներկայացված 900 հայտերից ընտրվել են 43 ֆիլմեր, որոնք կպայքարեն մրցութային երեք ծրագրերում (12-ը` Միջազգային խաղարկային մրցույթում, 15-ը` Միջազգային վավերագրական մրցույթում և 16-ը՝ «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում):
«Ընտրությունը բավական դժվար էր, որովհետև լավ ֆիլմերը շատ էին։ Երբեմն հանձնաժողովում կատաղի վեճեր էին լինում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և ավելացրեց, որ վերջին երկու-երեք տարիներին հանձնաժողովում անպայման երիտասարդների են ընդգրկում. ճաշակների բախում է տեղի ունենում, ինչը շատ լավ է։
Ընտրված խաղարկային ֆիլմերից փառատոնի ծրագրերի տնօրենն առանձնացրեց «Թոնի Էրդման» (Մարեն Ադե (Գերմանիա/Ավստրիա/Ռումինիա), «Գալիք» (Միա Հանսեն-Լյովե (Ֆրանսիա/Գերմանիա), «Աննայի կյանքը» (Նինո Բասիլիա (Վրաստան) ֆիլմերը։
Փառատոնում կներկայացվի նաև թուրքական ֆիլմ։
«Փոշու շոր» (ռեժիսոր՝ Ահու Օզթյուրք) ֆիլմը թուրքական կյանքի համայնապատկերն է»,- նշում է Ստամբոլցյանը։
Փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանի խոսքով՝ ներկայացված վավերագրական ֆիլմերը քանակով ամենաշատն են եղել (600 ֆիլմ)։ Հայտավորված ֆիլմերի մեծ մասը, սակայն, Խանջյանի բնորոշմամբ տխուր տպավորություն է թողնում։
Ներկայացված վավերագրական ֆիլմերի թեման մարդն է իր անձնական, ընտանեկան խնդիրներով, տարբեր երևույթների հետ ունեցած բախումներով։
Ֆիլմերից մեկն այդպես էլ չի համալրել վավերագրական ֆիլմերի շարքը, քանի որ հայտնվել է խաղարկային ֆիլմերի ցանկում։
«Կար մի ֆիլմ («Լուսավորյալների երկիրը» (Պիտեր-Յան Դը Պյու (Բելգիա/Իռլանդիա/Նիդերլանդներ/Գերմանիա/Աֆղանստան), որ մենք ընտրել էինք որպես վավերագրական, մյուս հանձնաժողովը՝ որպես խաղարկային։ Նրանք շատ էին, հաղթեցին»,- նշեց Արա Խանջյանը։
«Հայկական համայնապատկեր» ազգային ծրագրում կներկայացվի 5 խաղարկային լիամետրաժ ֆիլմ, որից 2-ը՝ պրեմիերայով (Աննա Արևշատյանի «Բարի լույս», Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»), և 7 վավերագրական ֆիլմ։
«Միշտ չէ, որ հայ ռեժիսորների կողմից վստահությունը տրվել է հենց փառատոնի շրջանակներում պրեմիերա անելուն։ Գուցե մտավախություն է եղել, որ դրսից եկած ֆիլմերն ավելի մեծ ճանաչում կամ հաջողություն պիտի ունենան»,- ասաց «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը։
Մրցութային փուլը չհաղթահարած ֆիլմերը Հայաստանի, հայերի մասին օտարերկրացի ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմերի հետ մեկտեղ կներկայացվեն ազգային մրցույթին կից «Հայեր․հայացք ներսից և դրսից» ծրագրում։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 2925