«ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԻՋՈՑՈՎ ԵՄ ԵԿԵԼ»․ԱՐԳԵՆՏԻՆԱՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ

«Մի քիչ հայերեն կերգեմ, մի քիչ անգլերեն, մի քիչ էլ իսպաներեն»,- հանդիսականին ասաց մեցցո-սոպրանո Սոլանժ Մերդինյանը։
Հայրենիքում ելույթ ունենալու առիթ արգենտինահայ երգչուհին ունեցել էր դեռ անցած տարի։ Մենահամերգով հանդես գալը Սոլանժ Մերդինյանի վաղեմի երազանքն էր, որ հունիսի 23-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի կենտրոնատեղիում դարձավ իրականություն։ Երգչուհուն նվագակցում էր դաշնակահար Սոֆի Միքայելյանը։
«Ինձ համար մեծ պատիվ է հայրենիքում ելույթ ունենալը. միշտ ցանկացել եմ մենահամերգով հանդես գալ այստեղ։Հաճելի էր իմ երաժշտությունը կիսել մյուսների հետ»,- մեզ հետ զրույցում նշեց երգչուհին։

Սոլանժը ծնվել է Արգենտինայում։ Այժմ բնակվում է Նյու Յորքում։
«Բոլոր երկրներն էլ յուրովի սիրում եմ․ սիրում եմ ճանապարհորդել։ Ընտանիքս Արգենտինայից է, սիրում եմ այնտեղի մշակույթը, իսկ Նյու Յորքը սիրում եմ ընձեռած հնարավորությունների համար»,- ասաց երգչուհին։
Չորրորդ անգամ է Հայաստան գալիս։ Հասցրել է լինել Երևանում, Գյումրիում, Արցախում․«Սիրեցի Արցախը, մարդկանց, մշակույթը»։
Մեր մշակույթին, մասնավորապես՝ երաժշտությանը, ծանոթ է։
«Կոմիտասն իմ սիրելին է։ Հայ երաժշտությանը նրա միջոցով եմ եկել։ Մաքուր, անխառն երաժշտություն, որը հիմնված է ֆոլկի վրա։ Ինձ համար նա հանճար է»,- ասում է Սոլանժը։
«Շողեր ջան», «Ախ, Մարալ ջան», «Օրոր», «Չինար ես», «Հոյ նազան» կոմիտասյան ստեղծագործությունները մենահամերգի ժամանակ հնչեցին մեցցո-սոպրանոյի յուրօրինակ մատուցմամբ։
Արգենտինահայ երգչուհու երևանյան մենահամերգը կազմակերպել էին ՀՀ-ում Արգենտինայի դեսպանությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 2892