«ՓՈՐՁԵԼ ԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ ԱՅՆ ՆՇԱՁՈՂԸ, ՈՐ ՄԵՆՔ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԳԾԵԼ ԵՆՔ»․ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

    «Ծանր տարի էր։ Այն օրը լրագրողներից մեկն ինձ հարցրեց՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում, ազդեցություն ունենո՞ւմ է փառատոնի վրա։ Ամեն ինչ ազդում է, որովհետև փառատոնը կենդանի օրգանիզմ է։
    Շատերը վախենում էին գալ պատերազմի լուրերից հետո, շատերը ոգևորվեցին Հռոմի պապի այցից հետո։ Մեր թիմը շատ խնդիրներ է հաղթահարել լավագույն կինոգործիչներին, լավագույն ֆիլմերը Հայաստան բերելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը։
    Փառատոնի հիմնադիր տնօրենը, գեղարվեստական և միջազգային բաժնի ղեկավարները ներկայացրին արտամրցութային ծրագիրը, պատվավոր հյուրերին, ինչպես նաև ժյուրիի նախագահին։
    Այս տարի «Ոսկե ծիրանի» ժյուրիի նախագահն է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Հարություն Խաչատրյանի խոսքով ժյուրին պատվավոր է դառնում նրա ներկայությամբ։ Հիշեցնենք, որ ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսորներ, օպերատորներ, պրոդյուսերներ, դերասաններ, կոմպոզիտորներ և կինոքննադատներ ինչպես  Հայաստանից, այնպես էլ Գերմանիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Իրանից, Սերբիայից, Ռուսաստանից, Մակեդոնիայից, Դանիայից: Նրանց թվում են Ֆրեդ Քելեմենը (Գերմանիա), Ստեֆան Կիտանովը (Բուլղարիա), Պիեռ Լեոնը (Ֆրանսիա), Հոմայուն Էրշադին (Իրան), Պավել Պեչյոնկինը (Ռուսաստան), Մարինե Ալեսը (Հայաստան):
    Արտամրցութային ծրագրի շրջանակում կինոսերներին կներկայացվեն Կաննի, Բեռլինի և Վենետիկի միջազգային կինոփառատոների մրցանակակիր ֆիլմեր, անվանի կինոգործիչների աշխատանքներ: Ծրագիրը ներառում է 92 ֆիլմ: 
    Երևանյան պրեմիերաներով հանդիսատեսին կներկայացվեն «Ամենասովորական քաղաքացի», «Հրավառ ծովը», «Սիրելի Հանս, թանկագին Պյոտր», «Արևի շողերի տակ», «Քամու հուշեր» և վերջին տարիներին նկարահանված ու միջազգային կինոփառատոներում ուշադրության արժանացած այլ ֆիլմեր։
    «Քամու հուշեր» (Թուրքիա, Ֆրանսիա, Գերմանիա, Վրաստան) ֆիլմի ռեժիսոր Օզջան  Ալփերը «Ոսկե ծիրանին» կմասնակցի երկրորդ անգամ։ 2009 թվականին Ալփերը ներկայացել էր իր դեբյուտային «Աշուն» ֆիլմով։ «Քամու հուշեր» ֆիլմն արդեն գրանցել է հաջողություններ՝ Անթալիայի կինոփառատոնում արժանանալով «Ոսկե նարինջ» մրցանակի։
    Աշխարհահռչակ կինոգործիչներից հետահայաց ցուցադրությունների ծրագրում տեղ են գտել սերբ կինոռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկը, գերմանացի ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենը, անգլո-ամերիկացի դերասանուհի Ժակլին Բիսեթը։
    «Ժիլնիկը շատ կարևոր դեր ունի 60-70-ականների սերբական կինոյում։ Նա հանդիսանում է «Հարավսլավական սև ալիքի» կարկառուն ներկայացուցիչներից մեկը, վավերագրող ռեժիսոր, ում ժամանակին վտարել են Հարավսլավիայից, Գերմանիայից, ում առաջին լիամետրաժ ֆիլմն արժանացել է  Բեռլինի կինոփառատոնի մրցանակի։ Սերբ կինոռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկը խորհրդանիշն է ըմբոստ մտքի և կինոընդդիմության․ընդդիմանում էր այն ամենին, ինչ կատարվում էր խորհրդային տարիներին ոչ միայն Սովետական միությունում, այլև Հարավսլավիայի ճամբարներում»,- նշեց «Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը։
    Անդրադառնալով արտամրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերին՝ Հարությունյանն ասաց․«Փորձել ենք պահպանել այն նշաձողը, որ մենք մեզ համար գծել ենք»։

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2882

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: