ՀՅՈՒԲԵՐԹ ՔԵՓՓԵԼԸ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԵՏ

«Առաջին անգամ եմ Հայաստանում։ Տպավորություն է, թե բոլորը սիրում են կիթառ»,- ասում է ճանաչված գերմանացի կիթառահար Հյուբերթ Քեփփելը։

Կիթառահարը մեր երկիր է ժամանել մասնակցելու հունիսի 28-ին մեկնարկած Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնին։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ է ունեցել նաև Քեփփելը։

«Գեղեցիկ համերգ էր, ֆանտաստիկ հանդիսատես»,- նշում է նա։

Հյուբերթ Քեփփելին հանդիպեցինք հունիսի 29-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում։ Վարպետության դաս էր անցկացնում երիտասարդ և պատանի հայ կիթառահարների հետ։

14-ամյա Էդուարդը սովորում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի վեցերորդ դասարանում։ Հաճախել է շախմատի, հետո նախասիրությունները փոխվել են, որոշել է կիթառ նվագել։ Մասնակցել է նաև կիթառի առաջին փառատոնին։

«Անցած տարիեկել էին  Արտյոմ Դերվոեդը, Դավիթ Դյակովը, Ռոլֆ Ստրավերը։ Լուրջ մասնագիտական ուղղումներ արեցին։

Պարոն Քեփփելի վարպետության դասից էլ շատ բան քաղեցի, իմացա, որ սխալ կա նոտաներիս մեջ, տեղ-տեղ մատներիս դիրքն էր սխալ, ուղղեցինք»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց պատանի կիթառահարը։

Վարպետության դասին Էդուարդը ներկայացրեց իտալացի կոմպոզիտոր  Մաուրո Ջուլիանիի «Սոնատը»։ Ցանկանում է նվագել նաև ժամանակակիցների ստեղծագործություններ։

«Շատ աշխատանք ունեմ անելու։ Նոյեմբերին Թիֆլիս ենք գնալու՝ միջազգային մրցույթ-փառատոնի մասնակցելու»,- նշեց նա։

«Կիթառի դեպքում կարևորը հնչողությունն է։ Այլ խնդիր է, որ այստեղ չկան լավ կիթառներ։ Դժվար է լավ հնչողություն ապահովել, երբ գործիքը լավը չէ: Առաջին հերթին պիտի հովանավորներ գտնենք, որ նրանք ավելի լավ գործիքներ ունենան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հյուբերթ Քեփփելը։

Երևանյան միջազգային կիթառի փառատոնը կազմակերպում են Երևանի կիթառահարների և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանը։

«Իմ երազանքն էր, որ ստեղծվի ասոցիացիա, փառատոն, նաև լինի մրցույթ։ Երբ Ժորան գնաց Գերմանիա, կապեր հաստատեց,  հնարավորություն ստացանք անցած տարի անցկացնել առաջին փառատոնը, հիմա արդեն երկրորդ։ Հուսով եմ՝ մյուս տարի մրցույթ էլ կկարողանանք կազմակերպել»,- մեզ հետ զրույցում նշեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Նունե Պողոսյանը, ով Ժորա Սարգսյանի ուսուցիչն է եղել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, հետո նաև կոնսերվատորիայում։

Նունե Պողոսյանի ներկայիս սաները նույնպես մասնակցում են կիթառի փառատոնին։ Միասին են որոշել, թե ինչ ներկայացնեն վարպետության դասին․«Ընտրվել են այնպիսի գործեր, որ երեխաները կարողանան հաղթահարել բարդությունները, հնարավորինս լավ ցույց տան իրենց երաժշտական ունակությունները»։

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2928

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: