«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ»

Սարին Ոսկյանը «Հայաստանը սերունդների աչքերով» ցուցահանդես-վաճառքին է մասնակցում: Դամասկոսի պետական համալսարանն ավարտելուց հետո եկել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրատուրայում։ Մեկ ամիս է, ինչ ավարտել է։ Այժմ զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ։

2010 թվականին Սիրիայում կայացել է Սարինի առաջին անհատական ցուցահանդեսը։ Հայաստանում ևս մասնակցել է մի քանի ցուցահանդեսների։

«Հայաստանը սերունդների աչքերով» ցուցահանդեսի բացման օրը  վաճառվեց քանդակագործի հեղինակած «Համբույրը» բրոնզե քանդակը։

«Երբ գործը ստեղծում ես, կարծես երեխադ լինի, հոգուցդ մի բաժին ես դնում մեջը։ Բաժանվելը դժվար է»,- նշում է Սարինը։

Նկարիչ Կարեն Մովսիսյանը ցուցահանդես-վաճառքին ներկայացել է «Կարմիր աստղի հետքը» կտավով։

«Նկարի մեխը կարմիր աստղն է, բայց լուծումները, սյուժետային հատվածները վերցված են մեր ժայռապատկերներից, դիցաբանությունից։ Աշխատանքս խորհրդանշում է կյանքի շրջապտույտը, շարունակականությունը»,- ասաց մեր զրուցակիցը։

Ստեղծագործական աշխատանքով է զբաղվում երկար տարիներ։ Ինքն էլ վաճառում է նկարները, եթե ցուցահանդես-վաճառքներ չեն կազմակերպվում։

«Կապ չունի՝ ինչ գնով ես վաճառում, գործից բաժանվելը դժվար է»,- նշում է Կարենը և ավելացնում,- եթե մի քանի տարի առաջ հարցնեիք, կասեի՝ կան գործեր, որոնք երբեք չեմ վաճառի, բայց հիմա մտածում եմ, որ ցանկացած աշխատանք պիտի իր սեփական կյանքն ունենա։ Վերջիվերջո դրանք ինձ համար չեմ արել, մարդկանց համար եմ արել, ուրեմն պիտի շրջեն, անցնեն իրենց ուղին»։

 «Հայաստանը սերունդների աչքերով» (Armenia: Reflections through generations) Ցուցահանդեսին ներկայացված էին ժամանակակից հայ նկարիչների և քանդակագործների 50-ից ավելի աշխատանքներ։ Վաճառքից գոյացած գումարի 10%-ը փոխանցվելու է «Արցախ»ֆոնդին։

ARTBEEP նախագիծը նպատակ ունի համախմբել երիտասարդ արվեստագետներին, ցուցադրել և վաճառել նրանց լավագույն աշխատանքները։ Նախագծի առաջին ցուցահանդեսը կայացել է մեկ ամիս առաջ Լոնդոնում։ Ներկա պահին նախագծի պաշտոնական կայքում (https://www.artbeep.com/) ներկայացված է 100 ստեղծագործողի շուրջ 1000 աշխատանք։ Ներառված են արվեստագետներ աշխարհի 7 երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Հունաստան, Բելառուս, Ղազախստան։

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3295

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: