ՌՈԲԻՆ ՉԱԹԵՐ. «ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՇԱՏ ԷՆԵՐԳԻԱ ԿԱ»․

Ժամանակակից արվեստի ինստիտուտի «Նիստուկաց» կացարանը պարբերաբար հյուրընկալում է երիտասարդ արվեստագետների աշխարհի տարբեր երկրներից։ Մայիսից կացարանի բնակիչն է անգլիացի Ռոբին Չաթերը։

Այսօր ինստիտուտի նոր ցուցասրահում բացվեց Չաթերի «Օդային արմատներ արձակողը» անհատական ցուցահանդեսը։ Ներկայացված էին ինչպես լոնդոնյան, այնպես էլ Երևանում ստեղծված  աշխատանքներ։

«Լոնդոնում արածները մոխրագույն են կամ սև ու սպիտակ, Երևանի գործերը՝ գունավոր։ Այգում եմ աշխատել։ Շատ ժամանակ և տարածք կար մտածելու համար։

Երևանում մի քանի պատկերասրահ եմ այցելել։ Հայ նկարիչների գործերում ավելի շատ գույն ու էներգիա կա համեմատած այն ամենի հետ, ինչ տեսել եմ Լոնդոնում։ Ստեղծագործողի ոգևորությունն ու ներշնչանքն ավելի նկատելի են»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց նկարիչը։

Ցանկանում է շրջել աշխարհով մեկ, պատկերել տարբեր երկրներ։

«Սիրում եմ հոգևոր, պատմություն ունեցող երկրներ։ Կուզեի ստեղծագործել Հայաստանում, Վրաստանում, Մեքսիկայում, Բելգիայում և իհարկե Անգլիայում»,- նշում է Չաթերը։

Արվեստաբան Նազարեթ Կարոյանի բնորոշմամբ՝ Ռոբին Չաթերի գծանկարչության ակունքները պետք է փնտրել վաղնջական ժամանակներում, երբ նախնադարի մարդը քարի վրա հետքեր թողնելու գյուտն արեց։

«Չաթերի տարաշխարհիկ զարդանախշերը փնտրում և լուսանցքներ ու բացատներ են գտնում արդյունաբերական աշխարհի ապրանքների՝ այլազան ծրարների և տուփերի վրա։ Արվեստը խխունջի պես դուրս է սողում իր պատյանից, հազարոտնուկի պես առաջ շարժվում, իբրև ջունգլի, անտառ, իբրև բուսականություն գալիս է հետ նվաճելու տարածքները, որ այդ աշխարհը խլել է բնությունից»,- գրում է Կարոյանը։

Նկարիչն առաջին անգամ չէ մեր երկիր այցելում․ «Անցած փետրվարին փառատոնի էի մասնակցում։ Սեպտեմբերին էլ վերադառնալու եմ սիմպոզիումի առիթով։ Ակտիվ համագործակցում եմ այստեղի արվեստի կենտրոնների և գործիչների հետ»։

Հայերի հյուրընկալությունը Չաթերին դուր է եկել։

«Կարող ես փողոցում կանգնեցնել մարդկանց և հարց տալ։ Սիրով են պատասխանում։ Մարդիկ խաղաղ են»,- ասում է նա։
  • Created on .
  • Hits: 3388

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: