HASSFEST. ՓԱՌԱՏՈՆ ԱՈՒԴԻՈ-ՎԻԶՈՒԱԼ ՍԻՆԹԵԶԻ ՁԵՎԱՉԱՓՈՎ

Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում բացվեց HassFest (hearing art seeing sound) փառատոնը: Փառատոնի շրջանակներում Երևանի տարբեր թանգարաններում ու պատկերասրահներում կներկայացվեն հայ 12 նկարիչերի և արտերկրից եկած 12 կոմպոզիտորների աշխատանքներ, որոնք նրանց համագործակցությամբ ստեղծված աուդիո-վիզուալ սինթեզ են:

Փառատոնի կազմակերպիչ Վան Սարկիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փառատոնի հիմնական նպատակը գլոբալացման հետևանքով տարնջատված արվեստագետներին մեկ հարթակում միավորելն է. «Ներկայացվող բոլոր աշխատանքները երկու արվեստագետի համագործակցության արդյունք են և կարելի է տեսնել, որ երկու անհատների մշակութային միաձուլումից հետաքրքիր ու ժամանակակից աշխատանքներ են ստացվում»:

Փառատոնի մյուս կազմակերպիչ Ասսել Աբլիսեիտովան ասաց, որ այս փառատոնը նաև նպատակ ունի հովանավորել երիտասարդ արվեստագետներին, ովքեր նպաստում են ժամանակակից արվեստի տարածմանը և զարգացմանը: Կազմակերպիչը շեշտեց, որ համագործակցության համար Հայաստանն է ընտրվել, քանի որ այն ունի շատ հարուստ մշակույթ:

HassFest-ի շրջանակներում արտերկրից հրավիրված հյուրերը կմասնակցեն Hassguitar Fest կիթառային երաժշտության փառատոնին: Նաև նախատեսվում են փառատոնում ընդգրկված ստեղծագործությունների կատարումներ, սեմինար-դասախոսություններ: Փառատոնի բացմանը ցուցադրվեցին նաև նաև SOAD ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի Eye for Sound (Աչք լսելու համար) կտավները:

Թայլադում բնակվող Հենրի Թանակարնը HassFest-ի մասնակցող 12 կոմպոզիտորներից մեկն է: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ կարևորում է մշակութային համագործոկցությունը, քանի որ դրա արդյունքում առավել կատարելագործված ու ժամանակակից աշխատանքներ են ծնվում:

Էլմիրա Միրաբյան
  • Created on .
  • Hits: 3002

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: