«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԾ ԽՆԴԻՐ Է ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԳՏՆԵԼԸ»․ ՆԻՆՈ ԲԱՍԻԼԻԱ

Վրացի ռեժիսոր Նինո Բասիլիայի «Աննայի կյանքը» ֆիլմը մասնակցում է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթին։
Աննան վաճառում է տունը անօրինական ճանապարհով դեսպանատնից վիզա ձեռք բերելու և Ամերիկա մեկնելու համար։ Միայնակ մայրը որոշել էր լքել երկիրը իր և աուտիզմով ապրող երեխայի կյանքը բարելավելու նպատակով։ Սակայն վիզա ձեռք բերողը խարդախի մեկն է դուրս գալիս, և Աննայի տված գումարն օգտագործում է իր սեփական ընտանիքին երկրից դուրս տանելու համար։ Հուսահատությունից դրդված, չիմանալով ինչ անել՝ Աննան առևանգում է իրեն խաբած անձի վեցամյա դստերը։
«Աննայի կյանքը» Նինո Բասիլիայի նկարահանած առաջին լիամետրաժ ֆիլմն է։
«Երկար փորձ չունեմ ռեժիսուրայի մեջ։ Սկսել եմ ամսագիր հրատարակելուց, հոդվածներ էի գրում, կամաց-կամաց անցա վեպեր գրելուն, իսկ հետո նաև սցենար: Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացն ավարտելուց հետո տասը տարի շարունակ նկարում էի միայն վավերագրական ֆիլմեր․Վրաստանում մեծ խնդիր է խաղարկային ֆիլմի համար ֆինանսավորում գտնելը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ռեժիսորը։
Բասիլիան առաջին մասնագիտությամբ բանասեր է։ Ավարտել է Թբիլիսիի մանկավարժական համալսարանը։ Վեպերի, ֆիլմերի սցենարների հեղինակ է։ Բեմադրել է վեց ներկայացում, նկարահանել վավերագրական ֆիլմեր։ «Աննայի կյանքը» խաղարկային ֆիլմի սցենարն արժանացել է Վրաստանի ազգային կինոկենտրոնի մրցանակին։ Ֆիլմը ռեժիսորի հեղինակած եռագրության առաջին մասն է։
Եռագրությունը նվիրված է կանանց։ Եթե «Աննայի կյանքը» սոցիալական դրամա է, երկրորդ ֆիլմը լինելու է պատերազմական, երրորդը՝ բարդ սիրային իրավիճակում հայտնված կանանց մասին։
«Պայքարող կանանց կերպարներ են։ Ուզում եմ ցույց տալ, թե որքան ուժեղ են կանայք նույնիսկ այն ժամանակ, երբ մենակ են»,- ասում է Բասիլիան։
«Աննայի կյանքը» բազմաթիվ վրացուհիների և ոչ միայն վրացուհիների կյանքի պատմություն է։
«Շատ պատմություններ գիտեմ վրացի կանանց մասին, որոնք Մեքսիկայի, Կանադայի միջով փորձել են Ամերիկա գնալ, նույնիսկ խողովակների միջով են անցել։ Հիմա նրանցից շատերը ԱՄՆ բանտերում են»,- պատմում է ռեժիսորը։
Ֆիլմը կառուցված է երկխոսությունների և բնական աղմուկների վրա։ Երաժշտություն չի հնչում։ Բասիլիան ասում է՝ երաժշտությունը կարևոր տեղ ունի իմ կյանքում, բայց ոչ այս ֆիլմում․«Կոմպոզիտորի հետ միասին փորձեցինք այս ֆիլմի համար երաժշտություն ստեղծել։ Ֆիլմն այնքան լարված է ընթանում, որ չկարողացանք երաժշտություն մտցնել»։
Նինո Բասիլիայի «Աննայի կյանքը» ֆիլմին շնորհվել է «Արժանիք» մրցանակ Բուենոս Այրեսի “Construir Cine” միջազգային կինոփառատոնում (2016)։ Այն լավագույնն է ճանաչվել Վալենսիայի «Կինոլուսարձակ» միջազգային փառատոնի ժամանակ (2016)։ Հարցին, թե ակնկալում է հաղթանակ «Ոսկե Ծիրանի» շրջանակներում՝ ռեժիսորը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ կհաղթեմ, քանի որ քիչ առաջ մի հիանալի գերմանական ֆիլմ տեսա՝ «Թոնի Էրդման» (ռեժիսոր՝ Մարեն Ադե, Գերմանիա/ Ավստրիա/ Ռումինիա, 2016): Հրաշալի հոգեբանական դրամա է»։
«Աննայի կյանքը» «Մոսկվա կինոթատրոնի» կապույտ դահլիճում կցուցադրվի այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 19:00:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 2927