ՖՐԵՍԿՈՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է, ՈՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՍԵՐՆ Է

    Օգոստոսի 19-ին Հաղարծին վանքային համալիրում մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը: Երկօրյա կինոճամբարից հետո փառատոնը շարունակվում է մայրաքաղաքում:
    Բացօթյա կինոդիտումներից բացի, երևանյան ծրագրում ընդգրկված են համերգներ, ցուցահանդեսներ և վարպետության դասեր:
    Փառատոնին մասնակցելու համար մեր երկիր են ժամանել մեկ տասնյակից ավելի միջազգային հյուրեր, որոնց թվում են Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանն ու իսրայելացի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը: Վերջիններս հանդես կգան ցուցահանդեսներով և վարպետության դասերով:
    Ֆրեսկոյի ֆիլմացանկում ներառված 22 երկրների 76 ֆիլմերից միայն 4-ն են հայկական:
    «Շատ ֆիլմեր ունենք Եվրոպայից, հատկապես իսպանալեզու ֆիլմեր: Եթե անցած տարիներին հոգևոր-բարոյական ֆիլմ լսելով ուղարկում էին այդ տեսակի ֆիլմեր, ապա այս տարի կային նաև ժամանակակից աշխարհի խնդիրներին վերաբերող ֆիլմեր, օրինակ՝ կարիերա, թե ընտանիք, սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ, էկոլոգիական աղետներ: Փառատոնի ընթացքում մարդիկ տեսնում են, որ հոգևորն ավելի շատ թեմաներ է ընդգրկում, քան միայն եկեղեցականը: Արտերկրի փորձը լավ միջոց է տեսնելու, որ այս ֆիլմերն էլ կյանք և հանդիսատես ունեն, և կա նման ֆիլմերի կարոտ»,- մեզ հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչներից Աննա Կարապետյանը:
    Նա կարևորում է այն հանգամանքը, որ փառատոնը պարզապես ֆիլմերի դիտում կամ արվեստի ներկայացում չէ, այլ քննարկման և փորձի փոխանակման հարթակ:
    17-ամյա Լենա Խաչատրյանը սովորում է Ագարակի միջնակարգ դպրոցում: Ոչ ֆորմալ կրթության կողմնակից է, հաճախ է մասնակցում սեմինարների, դասընթացների: Ֆրեսկոյին մասնակցում է առաջին անգամ: Կինոճամբարի ժամանակ հասցրել է դիտել վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր:
    «Կան մանրուքներ, որոնք առօրյա մտածմունքների ու եռուզեռի մեջ չենք նկատում. անտարբեր ենք դառնում շատ արժեքների հանդեպ: Ֆրեսկոն փորձում է հիշեցնել, որ ամենակարևորը սերն է ու միմյանց հանդեպ բարի վերաբերմունքը»,- Cultural.am-ի հետ զրույցում նշեց Լենան:
   
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը կշարունակվի մինչ օգոստոսի 29-ը: Ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրին հենց ինքը հանդիսատեսն է. յուրաքանչյուր ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ կինոդիտման մասնակիցները նախապես պատրաստված թղթերի միջոցով կքվեարկեն իրենց նախընտրած ֆիլմի օգտին: Փառատոնային միջոցառումների մուտքն ազատ է:


                                                                                                                    Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3002

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: