ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԱՅՆ ՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ «ԴՈՂՈՒՄ ԵՆ» ԻՐԵՆՑ ԳՈՐԾԵՐԻ ՎՐԱ. ՄՀԵՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

    «Ես շատ կապված չեմ իմ նկարների հետ ու շատ հեշտությամբ կարողանում եմ նվիրել կամ վաճառել: Չեմ հասկանում այն նկարիչներին, ովքեր «դողում են» իրենց գործերի վրա:
    Ամեն մի գործ թանկ է ինձ համար, բայց երբ մոլբերտից վերցնում եմ, արդեն մտածում եմ հաջորդի մասին»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց նկարիչ Մհեր Ստեփանյանը:
    Սեպտեմբերի 1-ին Նկարիչների միությունում բացվեց Մհեր Ստեփանյանի անհատական ցուցահանդեսը: Այն նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Նկարների վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է Թալիշ գյուղի վերականգնմանը:
    Ստեփանյանը ներկայացրել է 1984-ից մինչև մեր օրերը ստեղծած 60-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ: 2011 թվականից նկարիչն աշխատում է «Սասնա ծռեր» շարքի վրա։ Մի քանի գործեր ներկայացված էին ցուցահանդեսում։
    «Իմ «Սասնա ծռեր»-ի նորությունն այն է, որ էպոսի տղամարդիկ ներկայացված են իրենց կանանց հետ: Ընտանիքն առանց կնոջ ի՞նչ ընտանիք է: Կնոջ դերը հայ ընտանիքում շատ մեծ է, և ինչքան էլ փորձեն ստվերել այն, չի հաջողվի»,- համոզված է մեր զրուցակիցը:
    Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նկարված «Քար» գեղանկարը նույնպես ցուցադրված է։
    «Քարը խորհրդանշում է մեր ցավը: Նկարում և´ քարն ենք մենք, և´ քարն իր մեջքին պահող մարդը: Մեր ցավը դարձել է քար, մենք էլ դրա հետ ենք դարձել քար: Պետք է կարողանալ կոտորվածի հոգեբանությունից դուրս գալ: Լավ է, որ նոր սերունդը մեզ նման չէ, ազատ է»,- կարծում է նկարիչը:
    Մհեր Ստեփանյանը նաև դասավանդում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում:
    «Մհերը լուրջ ակադեմիական գիտելիքներ, հարուստ փորձ և ասելիք ունի: Շատ ուրախ եմ, որ նա նկարելուց բացի նաև դասավանդում է, քանի որ կարող է իր փորձը փոխանցել ուսանողներին»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
    Գեղանկարիչ Համլետ Ասատրյանի բնորոշմամբ նկարչի կյանքում ամեն ցուցահանդեսի բացում հաշվետվություն է՝ անցյալից մինչև ներկա ունեցած ստեղծագործական երազանքների, մտորումների արդյունք. «Մհերը հրաշալի և տաղանդավոր արվեստագետ է: Անթերի մաքրություն կա նրա նկարներում»,- ընդգծեց գեղանկարիչը:

     Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 10-ը:
Սիրանուշ Հայրապետյան
  • Created on .
  • Hits: 3028

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: