ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՎԵԼ Է ՍԵՐԳԵՅ ԴՈՎԼԱԹՈՎԻ ԱՐՁԱՆԸ

Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել գրող և լրագրող Սերգեյ Դովլաթովի հուշարձանի բացումը։ Սեպտեմբերի 3-ին լրացել էր նրա 75-ամյակը։ Դովլաթովի հուշարձանը դեռ մի քանի տարի առաջ հեղինակել են քանդակագործ Վյաչեսլավ Բուխաևը և նրա գործընկերները: Հուշարձանի համար միջոցները հատկացրել է գործարար Դմիտրի Նիկիտինը։

Քաղաքապետի խորհրդական, «Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքի ղեկավար Սերգեյ Բոյարսկին հուշարձանը կանգնեցնելու նախաձեռնության հեղինակներից մեկն է: Արարողությանը մասնակցել են ԱՄՆ-ից ժամանած Դովլաթովի այրին և դուստրը: Դովլաթովի հուշարձանը կանգնեցվեց է Ռուբինշտեյնի փողոցի թիվ 23 տան մոտ գտնվող մայթի վրա, որտեղ ապրել է Դովլաթովը։

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, քանդակը չէին կարողանում տեղադրել Պետերբուրգում, քանի որ բարդություններ էին առաջացել կապված հուշարձանների տեղադրման գործող օրենքի հետ: Համաձայն այդ օրենքի` որևէ մեկի հուշարձանը կարող է տեղադրվել նրա մահից առնվազն 30 տարի անց: Սակայն նահանգապետն իրավասու է հուշարձանը կանգնեցնելու փաստաթուղթն ստորագրել բացառության կարգով, ինչպես տեղի է ունեցել նույն հասցեում Դովլաթովի հուշատախտակի տեղադրման դեպքում։

Պետերբուրգի մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Սուխենկոն նշել է, որ հուշարձանի տեղադրումը բանաստեղծի հայրենի քաղաքում արդար և ժամանակին ընդունված որոշում է: «Հուշարձանը կլինի և առողջ բանականությունը վերջապես կհաղթի, որովհետեւ չի կարող, որ Նյու Յորքում նրան ավելի շատ սիրեն, քան հայրենիքում»,- ասել է նա:

Դովլաթովի 75-ամյակին նվիրված տոնը Պետերբուրգում տեղի է ունեցել սեպտեմբերի 2-4-ին: Տոնի ծրագրում տարբեր հրապարակներում տեղի են ունեցել կինոդիտումներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, թատերական բեմականացումներ:

Իսկ ահա Տալլինի Վաբադուզի հրապարակում հայտնվել է գրողի՝ 21 մետր բարձրության և 19 մետր լայնությամբ պատկերը: Քաղաքացիական նախաձեռնությամբ տեղադրված այս ցուցապաստառը նվիրված է Դովլաթովի 75-ամյակին: Ցուցապաստառի ներքևում Դովլաթովի խոսքերից մեջբերում է. «Բոլորը հետաքրքրվում են՝ ինչ է լինելու կյանքից հետո. մահից հետո սկսվում է պատմությունը»:
 
Նյութը պատրաստեց Անի Հակոբյանը
  • Created on .
  • Hits: 2975

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: