«ՍՈՍԵ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐ
Սեպտեմբերի 23-ին կմեկնարկի «Սոսե» միջազգային կինոփառատոնը, որն անց է կացվում 3-րդ անգամ:
Ֆիլմերի նախնական ընտրությունը կատարել են երիտասարդ կինոգործիչներ Հայաստանից, Բուլղարիայից և Լեհաստանից, ինչից հետո աշխատանքը փոխանցել են իրենց ավագ գործընկերներին: Ժյուրիի անդամներն ու մասնակիցները ներկայացնում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Անգլիան, Մոլդովան, Բուլղարիան, Վրաստանն ու Հայաստանը:
61 երկրից հայտագրված 336 ֆիլմերից ընտրվել է 104 ֆիլմ, որոնցից 12-ը հայկական արտադրության են: Փառատոնային շաբաթվա ընթացքում կինոսերները հնարավորություն կունենան դիտելու խաղարկային, փաստագրական, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր, որոնց թեման կինն է:
«Բովանդակությունը՝ կին» ծրագրում ներկայացված են ֆիլմեր, որոնք խոսում են կանանց իրավունքների, ընտանիքում և հասարակության մեջ ունեցած դերի, ինչպես նաև նվաճումների մասին: Կին և տղամարդ ռեժիսորները հավասարապես են անդրադարձել այս խնդիրներին:
«Իրականում կանանց խնդիրները համամարդկային են: Այն ֆիլմերը, որոնք կդիտեք, կենտրոնացած են ոչ թե հենց կանանց խնդիրների վրա, այլ կին և հանրություն, կին և տղամարդ փոխհարաբերությունների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի ժյուրիի անդամներից կինոգետ Անետա Երզնկյանը:
«Հատուկ» մրցութային ծրագիրն ամեն տարի բարձրացնում է տվյալ պահին արդիական որևէ թեմա: Այս տարի ընտրվել է երկու թեմա՝ «Անկախություն» և «H2O»:
Չնայած «Անկախությունը» նվիրված է ՀՀ Անկախության 25-ամյակին, բայց մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը նաև ոչ հայ ռեժիսորների աշխատանքներ են, որոնք ներկայացնում են թեման տարբեր դիտանկյուններից՝ անկախությունից մինչև ազգերի ինքնորոշման իրավունք:
Ստեղծագործող ուսանողներն իրենց աշխատանքները ներկայացրել են «Ուսանողական» մրցութային ծրագրում, որտեղ թեմատիկ սահմանափակումներ չկան:
«Գրեթե բոլոր կարճամետրաժ ֆիլմերում նկատելի է կնոջ միայնության թեման: Թվում է, թե գոնե ուսանողական աշխատանքները պետք է լավատեսական լինեն, բայց այստեղ էլ նկատելի էր կնոջ ընկճվածությունը, հասարակությունից փախչելու ցանկությունը, ինչն անհանգստանալու տեղիք է տալիս», - նշեց ժյուրիի անդամներից դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը:
«Սոսե» միջազգային կինոփառատոնը նախաձեռնել եւ իրականացնում է «Զիս» մշակույթի կենտրոնը: Ցուցադրությունները տեղի կունենան Կինոպարկում, Նարեկացի արվեստի միությունում, Փարաջանովի թանգարանում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Կազմակերպիչները բանակցություններ են վարում Գյումրիում նույնպես ֆիլմերի դիտումներ կազմակերպելու համար:
Կինոդիտումներին զուգահեռ լինելու են քննարկումներ, վարպետության դասեր: Փառատոնային միջոցառումների մուտքն ազատ է:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 2786