«ՆՈՐ ԿԱՄԵՐԱՏԱՆ» ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԲԵՄՈՒՄ

Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Նոր կամերատա» լարային քառյակը կատարեց կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի և Հարո Ստեփանյանի լարային կվարտետները։

«Հարո Ստեփանյանն այդքան հայտնի չէ այստեղ: Բարձր կարգի պրոֆեսիոնալ է։ Նրա գործերը տեխնիկապես դժվար են, երևի հենց դա է պատճառը, որ նա մի տեսակ մոռացության է մատնվել։ Ես համոզված եմ, որ նա վերածնունդ է ապրելու, և մենք կանգնած ենք այդ վերածննդի սկզբում»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց լարային քառյակի անդամ, ալտահար Գոռ Հովհաննիսյանը

Խաչատրյանի և Սարյանի ստեղծագործությունները բազմիցս ներկայացվել են հայ երաժշտասերներին։ Ալտահարի խոսքով՝ կան էտալոնային կատարումներ, որոնց գերազանցել չեն էլ հավակնում, ներկայանում են յուրովի։

«Նոր կամերատա» կամերային երաժշտության անսամբլը կազմվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայացուցիչներից: Անսամբլը պարբերաբար ելույթներ է ունենում Հայաստանում, մասնավորապես Երևանում։ Առիթ են ունեցել հանդես գալ նաև Հոլանդիայում։

Ներկայացնում են հայ և օտարազգի ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ժամանակակիցներից ներկայացրել են հունգարացի Կրիշտինա Մեգյերի, հոլանդացիներ Լուի Անդրիսենի և Ռոլֆ Ստրավերի գործերը, այդ թվում՝ պրեմիերաներ։

«Նոր կամերատա» լարային քառյակի հաջորդ համերգը նախատեսված է նոյեմբերին։ Այն նվիրվելու է հայ-հոլանդական մշակութային բարեկամությանը։ Ծրագրում ընդգրկված է նաև Ռոլֆ Ստրավերի Ալտի սոնատը։

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3078

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: