«ՓՈՔՐԻԿ ԷՅՆՇՏԵՅՆ»․ ԹԱՆԳԱՐԱՆ, ՈՐՏԵՂ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԻՆ ԴԻՊՉԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ Է

«Լազերային լաբիրինթոսը», «Արքիմեդի լծակը» և ևս 23 ցուցանմուշ 7 տարեկանից բարձր երեխաներին և մեծահասակներին սպասում են նորաբաց «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանում։

Ինտերակտիվ թանգարանն իր տեսակով միակն է տարածաշրջանում։  Մտահղացումը «Փոքրիկ Էյնշտեյն» նախաձեռնության հիմնադիր տնօրեն Մարինա Գրիգորյանինն է։ Մասնագիտությամբ բժիշկ Մարինա Գրիգորյանը դեռ երկու տարի առաջ ամուսնու հետ միասին սկսեց իրականացնել գիտական շոու-ծրագրեր շրջիկ լաբորատորիաների տեսքով, այնուհետև տպագրեցին հայալեզու գիտական հավաքածու։ Թանգարանի ստեղծումը նրանց գործունեության  տրամաբանական շարունակությունն է։

«Լինելով այս գործի մեջ, տեսնելով, թե արտասահմանյան երկրներում ինչ և ինչպես են անում` գաղափար առաջացավ ստեղծել ինտերակտիվ թանգարան, որտեղ երեխաները կկարողանան շփվել տարբեր ցուցանմուշների հետ։
1 poqrik ensthtein
Նպատակն այն է, որ երեխաները փոքր տարիքից սկսեն սիրել բնագիտական առարկաները, ինչը մեծ խնդիր է, քանի որ դպրոցում նրանք չեն պատկերացնում ֆիզիկայի կամ քիմիայի պրակտիկ կիրառությունը։ Մենք նմուշները ցուցադրելիս կապ ենք ստեղծում իրականության հետ, բերում առօրյա օրինակներ։ Օրինակ՝  սա ցույց է տալիս, թե ինչպես է կայծակ առաջանում, մյուսը՝ թե ինչպես է պայթում ատոմային ռումբը, և այլն»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց Մարինա Գրիգորյանը։
2 poqrik enshtein
Թանգարանում ներկայացված ցուցանմուշները բերվել են Ռուսաստանից և Չինաստանից։ Դրանք ներկայացնում են էլեկտրականության, մագնետիզմի, օպտիկայի, մեխանիկայի, ֆիզիկայի բնագավառները։

Նախաձեռնության անդամները նախատեսում են մոտ ապագայում թանգարանը վերածել ինտերակտիվ գիտության կենտրոնի։
3 poqrik enshtein
«Ուզում ենք այստեղ կազմակերպել տարբեր խմբակներ՝ ֆիզիկայի, քիմիայի,  ծրագրավորման, ռոբոտաշինության, գիտական անգլերենի՝ իհարկե համալրելով նաև մեր ցուցանմուշները»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանը գործում է Կոմիտաս 40/2 հասցեում։ Աշխատանքային օրերին թանգարանը բաց է ժամը 13:00-20:00-ն,  իսկ հանգստյան օրերին՝ 12:00-21:00-ն: Մուտքի տոմսն արժե 3000 դրամ։ Խմբերի համար գործում են զեղչեր:

Աննա Կարապետյան
Լուսանկարը՝ թանգարանի ֆեյսբուքյան էջի
 
  • Created on .
  • Hits: 6944

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: