«ՆՈՐ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՆՄԱՆ Է»․ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԵՐԳԻՉ

Այսօր հանդիսավոր կերպով բացվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 83-րդ թատերաշրջանը։ Ավանդույթի համաձայն առաջինը ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Գլխավոր դերերում հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստներ Անահիտ Մխիթարյանը, Պերճ Քարազյանը և Գևորգ Հակոբյանը։

Մինչ ներկայացման սկիզբը թատրոնի նախասրահում տոնական տրամադրություն էր։ Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի սաները օպերային թատրոնի այցելուներին դիմավորում էին ծաղիկներով, իսկ երկրորդ հարկում հանդիսականը հնարավորություն 1 opera 83 taterashrjanուներ ունկնդրելու դասական երաժշտություն, տեսնելու ներկայացումների ժամանակ արված հին ու նոր լուսանկարներ, ցուցապաստառներ, ինչպես նաև ծանոթանալու, ինչու չէ նաև լուսանկարվելու թատրոնի մշտական խաղացանկի ներկայացումների դերակատարների հետ։ Վերջիններս թատերաշրջանի բացման օրը ներկայացել էին բեմական հագուստներով։ 

Նախասրահում հանդիպեցինք Վասակին Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայից։ Վասակի դերակատար Զոհրաբ Զոհրաբյանը օպերային թատրոնում է արդեն չորս տարի։ Սիրում է հատկապես Վերդիի «Աիդա», Ռախմանինովի «Ալեկո» և Տիգրանյանի «Անուշ» օպերաների դերերգերը։ 

«Ամենասիրելին «Անուշ» օպերայում Քյոխվայի դերն է։ Շատ հայկական է, ամեն ինչ հասկանալի է քեզ, այդ թվում՝ դարաշրջանը։ Թվում է՝ այդ սարերը հոգուդ մեջ կան»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց մեներգիչը։

2 opera nor taterashrjanԶոհրաբյանի խոսքով՝ նոր թատերաշրջանը Նոր տարվա նման է․ սպասում են պրեմիերաների, նոր դերերգերի։ Ինքն էլ է սպասում։ Պուչինիի «Տոսկա» օպերայում մարմնավորելու է Անգելոտտիին։ Օպերայի պրեմիերան նախատեսված է մինչև տարեվերջ։

«Օպերան դասական արվեստ է։ Յուրաքանչյուր ունկնդրի համար չէ, բայց նա, ով սիրում ու գնահատում է այն, հաճույքով կգա ու կլսի»,- մեզ հետ զրույցում նշեց օպերային թատրոնի նորեկներից Արթուր Աղաջանովը։

Աղաջանովն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Փորձաշրջան է անցնում թատրոնի երիտասարդական խմբում։ Գրեթե բոլոր ներկայացումներին մասնակցում է։ Ասում է՝ կգա ժամանակը, հանդես կգա որպես մենակատար։

Թատերաշրջանի բացման առաջին՝ «Անուշ» ներկայացման մեջ նա չերգեց. գյուղացու, հետո էլ ռուս գեներալի դեր էր տանում։

Աղաջանովի ամենասիրելի օպերան Չայկովսկու «Եվգենի Օնեգինն» է։ Ուզում է հանդես գալ Գրեմինի կերպարում։ 

Աննա Կարապետյան
 
 
 
  • Created on .
  • Hits: 2846

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: