ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՀԱՅ ՆԿԱՐՉՈՒՀԻ ԱՍԻԼՎԱՅԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 16-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց 79-ամյա ֆրանսիահայ նկարչուհի Ասիլվայի կտավների ցուցահանդեսը, որը կրում էր «Ոսկե հատում ինքնաբուխ մտահղացմամբ» խորագիրը։
«Իմ կտավներում կա հարմոնիա, քանի որ նրանք գծված են ոսկե հատման մաթեմատիկական կանոնների վրա: Նպատակս այն է, որ մարդիկ, տեսնելով իմ կտավները, ուրախություն ապրեն։ Շատ կցանկանայի, որ այս ցուցահանդեսին շատ աշակերտներ, ուսանողներ այցելեն, և ես նրանց հետ կիսեմ տարիների ընթացքում ձևավորված փորձառությունս»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց Ասիլվան։
Անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսին ներկայացված է նկարչուհու 45 կտավ։ Ասիլվան Ֆրանսիա վերադառնալուն պես պլանավորել է նույն կտավները ցուցադրել նաև այնտեղ։
«Փարիզում, քանի որ ցուցասրահն ավելի փոքր է, ցուցադրելու եմ մոտ 40 կտավ։ Նկարներս ավելի շատ աբստրակտ ֆիգուրատիվ ոճում են արված։ Ներդաշնակություն ստանալու համար շատ եմ օգտագործում կարմիր երանգը։ Չնայած մի քանի տարի նկարում էի միայն սև-սպիտակ համադրությամբ»,- ասաց Ասիլվան։
Նշենք, որ Ասիլվան ծնվել է Ստամբուլում, հետո տեղափոխվել Ֆրանսիա։ Ավարտել է Ստամբուլի Հինդլյան (1948), Ֆրանսիայի Նոտր Դամ դը Սիոն (1953) դպրոցները, Էյուբլիցեյ գեղարվեստի ակադեմիաները (1958), Սորբոնի համալսարանը: Ասիլվան ԱՐԻԱՆ-ԵՍՍՕՐ ասոցիացիայի հիմնադիր նախագահն է։ Ֆրանսիական Կերպարվեստի Ազգային Խորհրդի, Կերպարվեստի Միջազգային Ասոցիացիայի անդամ է և ոչ պետական կազմակերպության Միացյալ Ազգերի Գիտության և Մշակույթի Կազմակերպության պաշտոնական գործընկերը։ Ասիլվայի աշխատանքները ցուցադրվել են 160 անգամ տարբեր երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Թուրքայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և այլուր։ Նրա աշխատանքներից պահվում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Հայաստանի, Թուրքիայի տարբեր թանգարաններում և պատկերասրահներում:
Ալինա Նահապետյան
- Created on .
- Hits: 2939