ԿԱՅԱՑԱՎ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԵՆԵՐԳԻՉՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԵՐԳԸ

«Հետաքրքիր կազմ է ստեղծվել, և որ ամենակարևորն է, թարմ ձայներ են․ վարպետությունը իր տեղն ունի, ձայնի թարմությունը՝ իր։ Հուսով եմ՝ նման համերգներ Երևանում հաճախ կկազմակերպվեն, քանի որ դրանց պակասն իսկապես կա»,- Cultural.am-ին ասաց օպերային երգիչ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը։

 Սարգիսը Բաժբեուկ-Մելիքյանների ստեղծագործական ընտանիքից է։ Թեև նկարիչների ընտանիքում է մեծացել, բայց չի նկարում։ «Առաջին մասնագիտությամբ ճարտարապետ եմ։ Մի կարճ ժամանակ աշխատեցի, հետո հասկացա, որ իմը երաժշտությունն է»,- անկեղծանում է երգիչը։
Համբուրգում, Քյոլնում և աշխարհի տարբեր երկրներում է ելույթ ունեցել։ Սեպտեմբերի 17-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բեմում կատարեց Կոմիտասի «Հայաստան», Աֆրիկյանի «Մայր Արաքսի ափերով» և Չուխաջյանի «Հոր-հոր աղա», «Լեբլեբիջի» ստեղծագործությունները։ Սարգիսը ելույթ էր ունենում վերջին ամիսներին Օպերային թատրոնում ձևավորված երիտասարդ օպերային մեներգիչների խմբի կազմում։

Երիտասարդ մեներգիչները ներկայացրին կոմիտասյան ստեղծագործություններ, ռոմանսներ, ինչպես նաև արիաներ հայկական օպերաներից։

«Մեր առաջին համերգն է։ Մեծ պատասխանատվություն է։ Փորձելու ենք անել ամեն հնարավորը։ Տաղանդաշատ մեներգիչներ են հավաքված խմբում։ Հուսով եմ՝ մեծ հաջողություններ կունենանք։

Հայկական ստեղծագործություններ ենք ընտրել, քանի որ ավելի հոգեհարազատ են, բոլորիս արյան մեջ կան։ Նախ պետք է չհեռանանք մեր արմատներից, հետո նոր ներկայացնենք եվրոպական արվեստը»,- նշեց խմբի մեներգիչներից Լուսինե Մակարյանը։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ օպերային երգիչների համերգին ներկա էին Նյու Յորքում գործող «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամի նախագահության անդամները։ Վերջիններս մինչ համերգային ծրագրի մեկնարկը շրջել էին թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, Կոմիտասի անձնական ու ստեղծագործական կյանքի ուշագրավ դրվագներին:

Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա հոբելյանական համերգ «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամի 95-ամյակի առիթով։

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3245

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: