ՎԱՆ ԳՈԳԸ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ 18 ԱՄԻՍԸ ՏԱՌԱՊԵԼ Է ՓՍԻԽՈԶՈՎ

Հոլանդացի նկարիչ Վան Գոգի ձեռագիրն ինքնատիպ է ու ճանաչելի: Մահից հետո նա ընդունվեց որպես հանճար: Այդ ժամանակից նրա հոգեկան անկայունությունը եղել է երկարատև ուսումնասիրությունների և քննարկումների առարկա:
Վերջերս նրա հոգեկան հիվանդության հարցը քննելու համար Ամստերդամում՝ վան Գոգի թանգարանում են հավաքվել 35 հոգեբույժներ, բժիշկներ և արվեստի պատմաբաններ: Այս մասին հայտնում է Նյու Յորք Թայմզը:
Վան Գոգի թանգարանը հավաքել էր վիթխարի քանակությամբ փաստաթղթեր, այդ թվում՝ բոլոր հնարավոր բժշկական փաստաթղթերը և նրա անձնական նամակները, որոշ արվեստաբանների աշխատանքներ՝ մասնագետների համար ապահովելով ամբողջական ինֆորմացիա, որպեսզի մեկընդմիշտ լուծում տան այդ հարցին:
Փորձագետները, բացառելով բոլոր հնարավոր հիվանդությունները, եկել են այն եզրակացության, որ նկարիչը փսիխոզի նոպաներ է ունեցել: Սակայն հոգեկան խանգարման պատճառը չեն կարողացել նշել:
«Փսիխոզը սինդրոմ է, ախտանիշների կոմբինացիա,- Նյու Յորք Թայմզի հետ զրույցում նշել է հոգեբուժության պրոֆեսոր, Բերնի համալսարանական հոգեբուժարանի տնօրեն Վերներ Սթրիքը:- Փսիխոզի կարևոր ախտանիշները, որոնց շուրջ մենք համաձայնության եկանք, հալուցինացիաներն էին՝ ակուստիկ հալուցինացիաները, տեսողական հալուցինացիաները, ինչպես նաև պատրանքները, հիպեր-գրգռվածությունը, անտրամաբանական խոսքը և էպիզոդները աղոտ հիշելը»:
Գիտնականները նշել են, որ դժվար է հարցին վերջնական լուծում տալը, և մեծագույն նվաճումը համարել են ոլորտի մասնագետներին մի տեղում հավաքելը և հարցը քննարկելը, ինչը նախկինում երբեք չէր եղել:
Վան Գոգը մահացել է 1890 թվականի հուլիսի 29-ին հրազենային վնասվածքից: Դա ակնհայտորեն եղել է ինքնասպանություն: Նրա հիվանդության մասին նախկինում եղել են տարբեր տեսակետներ, որոնց համաձայն նա տառապել է երկբևեռ փսիխոզով, էպիլեպսիայով, շիզոֆրենիայով: Որպես ապացույց բերել են սեփական ականջը կտրելու փաստը:
Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը
- Created on .
- Hits: 3047