ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԽՈՐՀՐԴԱՀԱՅ ՄՈԴԵՌՆԻԶՄԻ ԵՐԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Հանրությանը խորհրդային շրջանի ազգային մոդեռնիզմի ներկայացուցիչների արվեստի լավագույն նմուշներին ծանոթացնելու նպատակով օրերս Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 3՝ Բորիս Գալստյանի հավաքածու. Մինաս, Վրույր, Դեղձ Աշոտ» ցուցադրությունը։
«Այս ցուցադրությամբ ոչ միայն փորձում ենք բացահայտել կոլեկցիոներին, այլև մեզ համար կարևոր է, որ ցուցադրությունը դառնա հայ կերպարվեստի պատմության համար որոշակի նշանավոր էջ։ Ցուցահանդեսի շրջանակներում կենտրոնացել ենք երեք արվեստագետի վրա։ Խոսքն առաջին հերթին Մինաս Ավետիսյանի մասին է, որը հանդիսանում է նաև Վրույր Գալստյանի հավաքածուի կենտրոնական նկարիչը, նաև Աշոտ Հովհաննիսյանի (Դեղձ) ու Վրույր Գալստյանի ստեղծագործությունների»,- Cultural.am-ին ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։

Կազմակերպիչների խոսքով ցուցադրությունն այցելուներին հնարավորություն կտա առանձին-առանձին բացահայտելու երեք արվեստագետների բազմաշերտ գեղագիտական մտածողությունը:
«Ցուցահանդեսում ներկայացված շատ կտավներ առաջին անգամ են ցուցադրվում։ Ամենաշատը, որ ներկայացված են, Մինաս Ավետիսյանի աշխատանքներն են` 20 կտավ։ Կան ոչ միայն գեղանկարներ, այլև գրաֆիկական աշխատանքներ, ստեղծագործություններ, որոնք բացարձակապես այլ կողմից են բացահայտում արվեստագետներին։ Ամեն դեպքում նրանք, ովքեր այս կամ այն չափով ծանոթ են ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված արվեստագետների աշխատաքներին, միևնույն է նրանց ինչ-որ չափով անակնկալ սպասվում է»,- ասաց Արմեն Եսայանցը։

Նշենք, որ այս ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպված «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի երրորդ ցուցադրությունն է։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 25-ը: Մուտքն ազատ է:
Ալինա Նահապետյան
- Created on .
- Hits: 2918