BUSYMPHONY․ ԵՐԲ ԱՎՏՈԲՈՒՍՈՒՄ ՀՆՉՈՒՄ Է ԿԵՆԴԱՆԻ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը կոմիտասյան մի շարք ստեղծագործություններ և այլ կոմպոզիտորների գործեր հնչեցին ոչ թե համերգային դահլիճում կամ հրապարակում, այլ ավտոբուսում։
Ներքաղաքային ավտոբուսներից երկուսում կենդանի կատարմամբ հնչեցին Մոցարտի, Պուչինիի, Պիացոլլայի ստեղծագործություններից։ Ներկայացնում էր նորաստեղծ Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախմբի անդամներից կազմված քառյակը։
BuSymphony ֆլեշմոբի միջոցով նվագախումբը հայտնում է իր գոյության մասին, միաժամանակ երաժշտասերներին նախապատրաստում նոյեմբերին կայանալիք իրենց առաջին համերգին։
Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախումբը (“United American and Armenian Chamber Orchestra”) ստեղծվել է Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական հիմնադրամի կողմից ջութակահար Աշոտ Տիգրանյանի նախաձեռնությամբ։ Հիմնադրամի նախագծերի ղեկավար Անահիտ Պետրոսյանի փոխանցմամբ՝ հայաստանցի մասնակիցներին հուլիս-օգոստոս ամիսներին մրցութային կարգով ընտրել է պրոֆեսիոնալ ժյուրին, ամերիկյան կողմից ներգրավված են հիմնականում Տիգրանյանի ղեկավարած Դասական համերգային կամերային նվագախմբի (“Classical Concert Chamber Orchestra”) անդամները, որոնք տարբեր ազգերի ներկայացուցիչներ են։
Առաջիկա համերգի փորձերը կսկսվեն հոկտեմբեր ամսին, երբ ԱՄՆ-ից Հայաստան ժամանեն ամերիկյան կողմը ներկայացնող երաժիշտները։ Թե ինչ համերգային ծրագիր է սպասվում, Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական հիմնադրամի նախագծերի ղեկավարը չցանկացավ նշել։
«Միայն կասեմ, որ բավականին հետաքրքիր ծրագիր է լինելու։ Այն բացառիկ նվագախմբերից է, որը դիրիժոր չունի։ Դիրիժորը ջութակով է նվագելու, այդպես է ղեկավարելու նվագախումբը»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Պետրոսյանը։
Սեպտեմբերի 27-ին և 28-ին նույնպես մայրաքաղաքի հանրային տրանսպորտի՝ նախապես ընտրված 4 գծերում կանցկացվի BuSymphony ֆլեշմոբը։
Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական հիմնադրամը ստեղծվել է այս տարի։ Նպատակն է Հայաստանում և Հայաստանից դուրս ստեղծել մշակութային այլընտրանքային հարթակ, որը հնարավորություն կտա հայ և օտարազգի արվեստագետներին միավորվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, նախաձեռնել և իրականացնել ծրագրեր, նախագծեր, որոնք կնպաստեն մշակույթի զարգացմանը, դասական երաժշտության, կինոյի և թատրոնի, գրականության և կերպարվեստի ոլորտներում տեղի ունեցող դրական փոփոխություններին։
Հիմնադիրը ջութակահար Աշոտ Տիգրանյանն է, որը 30 տարի շարունակ երաժշտական գործունեություն է ծավալել ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ հիմնադրելով և ղեկավարելով ամերիկյան “Classical Concert Chamber Orchestra”-ն («Դասական համերգային կամերային նվագախումբ»)։ Վերջինս տասը տարի անընդմեջ շրջագայություններով հանդես է եկել Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Սկանդինավյան երկրներում և այլուր։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3528