ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՆԳԱՄ ՌԱԽՄԱՆԻՆՈՎ ՆՎԱԳԵԼԻՍ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ, ԱՅՍՕՐ ԷԼ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԷ. ԵՎԳԵՆԻ ՍՏԱՐՈԴՈՒԲՑԵՎ

Արամ Խաչատրյանի անվան 4–րդ միջազգային փառատոնի 2-րդ սիմֆոնիկ համերգի շրջանակներում հոկտեմբերի 11–ին Ս. Ռախմանինովի և Ս. Պրոկոֆևի ստեղծագործություններով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հայ հանդիսատեսին ներկայացավ ռուս դաշնակահար Եվգենի Ստարոդուբցևը։
«Եվգենին ճանաչված դաշնակահար է, ով նվագել է տարբեր խմբերի հետ, այդ թվում՝ Ռախմանինովի առաջին կոնցերտը։ Այն հնչեղ ու բավականին բարդ ստեղծագործություն է, և շատ քիչ դաշնակահարներ են պատրաստ կատարել այդ կոնցերտը։ Բացի այդ, Ստարոդուբցը երեք տարի առաջ Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի շրջանակներում հաղթող էր ճանաչվել հանդիաստեսի համակրանք անվանակարգում, ինչը ենթադրում էր, որ այդ արտիստը մի օր վերադառնալու էր Հայաստան»,– Cultural.am-ին ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Ռուսական դաշնամուրային դպրոցի ներկայացուցիչ 35-ամյա Եվգենի Ստարոդուբցևի խոսքով Հայաստանում կրկին գտնվելը ոգևորիչ է։
«Յուրաքանչյուր անգամ Ռախմանինով նվագելիս վախենում եմ, այսօր էլ բացառություն չէ։ Հաճելի է, իհարկե, նվագել Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, բայց շատ պատասխանատու է»,– անկեղծացավ դաշնակահար Եվգենի Ստարոդուբցևը։
Արամ Խաչատրյանի անվան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ընդհանուր առմամբ խաչատրյանական փառատոնը կընդգրկի 9 սիմֆոնիկ համերգ (ներառյալ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից ներկայացվող «Օպերա Գալա» համերգային ծրագիրը), 9 կամերային համերգ, 1 բաց դաս և 2 բալետային ներկայացում: Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 10-ին: Այդ ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան միջազգային ճանաչում վայելող երաժիշտներ՝ Գլորիա Քամփաները (դաշնամուր), Ջուլիան Միլկիսը (կլարնետ), Զոհրաբ Թադևոսյանը (ջութակ) և այլք:
Ալինա Նահապետյան
- Created on .
- Hits: 2911