ՀԱՅՏՆԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԸ ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ Է

   «Հայկական հետքը Մոսկվայում» նախագծի շրջանակներում նկարահանված ռուսական կայսրության ազնվական վերնախավի ներկայացուցիչներ Լազարյանների գերդաստանի մասին պատմող «Լազարյանների վերելքն ու անկումը» վավերագրական ֆիլմ–ռեպորտաժը հոկտեմբերի 11–ին Մոսկվա կինոթատրոնում ներկայացվեց հայ հանդիաստեսին:
    «Ինձ համար Լազարյաններն առանձնահատուկ են, քանի որ 200 տարվա մեջ ես այդ տոհմում չեմ գտել անհատ, որևէ ներկայացուցիչ, որը զբաղեցրած չլինի քաղաքական-հասարական նշանակության պաշտոններ։ Նրանք մշտապես եղել են ռուսական ցարերին ամենամոտ կանգնած մարդիկ: Նրանց կողմից կառուցված եկեղեցիներն ու շենքերը մինչ օրս Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կանգուն են։ Այս և շատ այլ մանրամասներ, որոնք բացահայտում են Լազարյանների գերդաստանը, ներկայացված են վավերագրական այս ռեպորտաժում»,– Cultural.am-ին ասաց ռեպորտաժի հեղինակ, ռեժիսոր Նաիրա Բաղդասարյանը։
    Լազարյանների ընտանիքի մասին պատմող վավերագրական ռեպորտաժը եռագրություն է, որի ստեղծման համար հեղինակներից պահանջվել է մոտ երկու տարի։
    «Ֆիլմաշարը ևս մեկ ապացույց է, որ հայ և ռուս ազգերը սերտ կապեր են ունեցել։ Լազարյանները, լինելով ռուսահպատակ, երբեք չեն մոռացել հայրենիքի մասին։ Ֆիլմի ստեղծման նպատակը հայտնի ռուսահայ դեմքերին ներկայացնելն է, որոնց ոչ թե պետք է մոռանալ, այլ հակառակը՝ նրանցից օրինակ վերցնել»,– ասաց Նաիրա  Բաղդասարյանը։
    Նշենք, որ Լազարյանների մասին պատմող եռագրությունը ստեղծվել է «Հայկական հետքը Մոսկվայում» նախագծի շրջանակներում։ Նախագծում ներկայացված են 19–20–րդ դարերում Ռուսաստանում ապրած նշանավոր հայերի մասին պատմություններ։ Ընդհանուր առմամբ, հինգ տարիների ընթացքում ստեղծվել է ութ վավերագրական ֆիլմ։
Ալինա Նահապետյան
  • Created on .
  • Hits: 3145

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: