«ՉՈՐՍ ՏԱՐԵԿԱՆԻՑ ԵՐԳՉԱԽՄԲՈՒՄ ԵՄ, ՆՐԱ ՀԵՏ ԵՄ ՄԵԾԱՑԵԼ»․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԵՐԳՉՈՒՀԻ

«Նման մաքրագույն ու գեղեցիկ կատարում երբևէ չէի լսել: Դուք ստիպեցիք ինձ առնվազն 50 րոպե արտասվել»
Մարտին Օլսեն, «Միդվեսթ» երգչախմբի տնօրեն
«Շնորհակալ ենք այս հիանալի համերգի համար: Դա միայն երաժշտություն չէր, այս երեկո դուք պատմեցիք մեզ մի երկար ու շատ կարևոր պատմություն Հայաստանի մասին»
Փիթեր Արենդտ, խմբավար, երգեհոնահար
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն այսպիսի գնահատականների է արժանացել համերգային վերջին շրջագայության ընթացքում:
Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը երգչախումբը համերգներով հանդես է եկել Դանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում և Բելգիայում:
«Գեղեցիկ, ոգեշնչող խոսքեր արտերկրում հաճախ ենք լսում: Ավելի հաճելի է դրանք լսել հայրենիքում»,- ասում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:
«Անկախության սերունդ» խորագիրը կրող համերգային շրջագայությունը, որն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ, նվիրվել է ՀՀ անկախության 25-ամյակին:
Երգչախումբը օտարերկրյա ունկնդրին է ներկայացրել վաղ դարաշրջանի և միջնադարի շարականներ, ժողովրդական երգերի մշակումներ (Մաշտոց, Խորենացի, Կոմիտաս), կոմպոզիտորներ Ռոբերտ Պետրոսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ստեփան Շաքարյանի, Դավիթ Հալաջյանի, ինչպես նաև Ուիլյամ Բըրդի, Ջուզեպպե Վերդիի, Կլոդ Դեբյուսիի, Ռոբերտ Շումանի, Սերգեյ Պլեշակի Ռիչարդ Ռոջերսի և այլոց հոգևոր, դասական, ժամանակակից և ջազային ստեղծագործություններից:
«Սա այս տարվա երկրորդ շրջագայությունն էր: Մեզ համար այն կարևոր էր ոչ միայն աշխարհագրությունն ընդլայնելու առումով, այլև անկախության 25-ամյակին նվիրված լինելով: Հատկանշական է, որ հենց անկախության տարիներին ծնված երեխաներն են այլ երկրներում ներկայացնում այդ կարևոր հոբելյանը:
«Հայաստանի փոքրիկ երգիչները» ելույթ է ունեցել ոչ միայն լայն հանրության, մշակութային գործիչների, այլև խոշոր քաղաքական գործիչների ներկայությամբ, որոնք ուղղակի հիացած էին: Այդպիսի պահերին ես հասկանում, որ հոգու, սրտի միջով կարողանում ես փոխել մարդկանց վերաբերմունքը քո երկրի հանդեպ կամ ամրացնել արդեն եղած լավ վերաբերմունքը: Սա զգացողություն է, որը ոչնչով չես փոխարինի»,- ընդգծեց Հեքեքյանը:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի անդամ Անի Գաբրիելյանը տպավորված է համերգային շրջագայությամբ:
«Երգեցինք Բեռլինի ֆիլհարմոնիկ համերգասրահում, Հալլեի Մայր տաճարում, Բրյուսելի Սուրբ Միշել Մայր տաճարում և այլուր: Շատ գեղեցիկ էր Հերնինգի «Միդվեսթ» երգչախմբի հյուրընկալությունը: Նրանք մեզ դիմավորեցին «Էրեբունի-Երևան» երգով, որով էլ հետո եզրափակեցինք այնտեղի համերգը: Երգչախմբի տնօրեն Մարտին Օլսենը համերգից հետո տված իր հարցազրույցում նշել է, որ մենք աշխարհի լավագույն երգչախմբերից մեկն ենք»,- Cultural.am-ի հետ զրույցում պատմեց Անի Գաբրիելյանը:
15-ամյա Անին 11 տարի է՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում է: Շատ է սիրում կատարել հատկապես հինգերորդ դարի մեր շարականները: Որոշել է լրագրող դառնալ, հավատացնում է, որ այդ ընտրությունը ոչ մի կերպ երկրորդ պլան չի մղի երաժշտությունը. «Եթե ցանկանամ էլ, չեմ կարող թողնել այն․ չորս տարեկանից երգչախմբում եմ, նրա հետ եմ մեծացել, երաժշտությունն արդեն իմ մեջ է»,- ասաց մեր զրուցակիցը:
Սիրանուշ Հայրապետյան
- Created on .
- Hits: 4465