«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ԵԿԵԼ Է» . ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ
Նկարիչ Գոռ Առուշանյանի «No Լիզա» կտավն է: Ստեղծվել է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի մոտիվներով:
«Ինձ թվում է՝ լավ կլինի, եթե ինչ-որ բան փոխվի: Իհարկե պետք չէ վանդալիզմի ենթարկել կլասիցիստական ստեղծագործությունները, բայց փոփոխությունների ժամանակը եկել է, չնայած շատ մարդիկ դա չեն ընդունում»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց նկարիչը:
Գոռը Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանող է: Գեղանկարչության և գծանկարչության բաժնում սովորելու չորս տարիների ընթացքում բազմիցս մասնակցել է խմբակային ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում: Նախորդ տարի «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կայացել է նկարչի` «Մենախոսություն» խորագրով առաջին անհատական ցուցահանդեսը: Այժմ պատրաստվում է նոր ցուցահանդեսի: Ստեղծվող գործերի թեման ճանապարհն է՝ արտագաղթ-ներգաղթ:
«Արվեստը տեղափոխվել է մենեջմենթի հարթություն: Ամեն ինչ անում են փողի ու գովազդի համար: Պակասում է էմոցիան և էսթետիկ զգացողությունը»,- մեզ հետ զրույցում նշեց երիտասարդ արվեստագետը:
Առուշանյանի գործերը ներկայացված են Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում սերնդակից արվեստագետների աշխատանքների կողքին: Նոյեմբերի 16-ին բացված եռօրյա ցուցահանդեսում ընդգրկվել են «Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային բաց փառատոնի կերպարվեստի մրցանակակիրների աշխատանքները:
«Յուրաքանչյուր սերունդ իր ստեղծագործական ճանապարհը սկսում է իբրև մի հավաքականություն, բայց արվեստագետը կայանում է որպես անհատականություն։
Ամենակարևորն այն է, որ երիտասարդ մարդը զգա, որ պահանջված է, լուսանցքից դուրս չէ, զգա, որ ինքը նույնքան իրավասու ներկայություն է արվեստում, որքան ավելի տարիքովները, որովհետև արվեստի առաջ մեծ ու փոքր չկա, արվեստի առաջ կա մի բան՝ մակարդակ, վարպետություն, երևակայություն»,- ողջույնի խոսքում նշեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանը:
Ցուցահանդեսը նախաձեռնել է Երիտասարդ ստեղծագործողների միությունը՝ մասնագիտական աջակցության ծրագրի շրջանակում։ Միության նախագահ Էրիկ Բարսեղյանի փոխանցմամբ՝ նմանատիպ ծրագրեր են իրականացվելու նաև արվեստի մյուս ճյուղերի մրցանակակիրների համար, օրինակ՝ երգարվեստի ներկայացուցիչների համար կկազմակերպվի համերգային ծրագիր, ռեժիսորներին կցուցաբերվի տեխնիկական աջակցություն նոր ֆիլմեր նկարահանելու համար:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3765