«ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» ՔԱՌՅԱԿԸ 1 ՏԱՐԵԿԱՆ Է

 Հունվարի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ համերգ-շնորհանդես` նվիրված Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի 1-ամյակին։

Քառյակի երաժիշտները հնչեցրին կոմպոզիտորներ Պյոտր Չայկովսկու, Ալեքսանդր Հարությունյանի, Սերգեյ Պրոկոֆևի, Լեոնարդ Բերնսթայնի ստեղծագործություններից, ինչից հետո երաժշտասերներին ներկայացրին իրենց առաջին ձայնասկավառակը:

«Հարությունյան» քառյակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլներից է: Ստեղծվել է 2015 թվականին մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակի առթիվ։

Քառյակի կազմում հանդես են գալիս Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ), Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ) եւ Գևորգ Ավետիսյանը (ֆլեյտա)։ Տարբեր գործեր են նվագում, բայց Հարությունյանի «Քարավանն» ու «Սասունցիների պարը» կան գրեթե բոլոր համերգային ծրագրերում:

Առաջին ձայնասկավառակը թողարկել են անցյալ տարվա մայիսին եւ ներկայացրել չինաստանյան հյուրախաղերի ընթացքում: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ձայնասկավառակի հայաստանյան շնորհանդեսը:

Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը Cultural.am-ի հետ զրույցում ասաց, որ թեեւ քառյակը մեկ տարեկան է, բայց հասցրել է ելույթներով հանդես գալ Լիբանանում, Չինաստանում:

«Մենահամերգներ ենք ունեցել Չինաստանի վեց քաղաքներում: Լսարանի մեծ մասը երիտասարդներ ու երեխաներ էին: Կրթական ծրագիր էր: Որոշել ենք Հայաստանում էլ նմանատիպ ծրագիր իրականացնել:

Տասն օր առաջ ենք վերադարձել Մոսկվայից: Ելույթ ենք ունեցել Երաժշտության տանը և Ալեքսեյ Միխայելովիչ կայսրի պալատում՝ ներկայացնելով Հարությունյանի, Խաչատրյանի, Չայկովսկու, Պրոկոֆևի, Մոցարտի գործերից»,- պատմեց նա:

Կլարնետահարի խոսքով՝ իրենց քառյակը յուրահատուկ է. նմանատիպ գործող կազմ աշխարհում գոյություն չունի:

Փետրվարին քառյակը «Երաժշտական հինգշաբթի» ծրագրի շրջանակներում ելույթ է ունենալու Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2807

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: