ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ

    Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճի նախասրահում փետրվարի 2-ին տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրու բացման արարողությունը:
    Ռուսական tvkultura.ru կայքից տեղեկանում են, որ Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին նվիրաբերվել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային հիմնադրման 150-ամյա հոբելյանի առթիվ:
    Բացման արարողությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ մշակույթի փոխնախարար Ալեքսանդր Ժուրավսկին, ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Դենիս Մացուևը, Ռուսաստանի առաջատար երաժշտական բուհի ղեկավարությունն ու  բազմաթիվ հյուրեր:
    Ելույթ ունենալով ներկաների առջև՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին:
    «Ինձ համար մեծ պատիվ է, որպես ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ, մասնակցել հայ մեծանուն կոմպոզիտորի կիսանդրու բացման արարողությանը: Արամ Խաչատրյանի հարուստ ստեղծագործական ժառանգությունը հայ-ռուսական պատմական բարեկամության անբաժան մասն է կազմում:  Մենք՝ հայերս, մեծ հպարտությամբ ենք գլուխ խոնարհում մեր  հայրենակցի հիշատակի առջեւ», - նշել է Օլեգ Եսայանը:
    Քանդակի հեղինակն է ՀՀ վաստակավոր նկարիչ, Մոսկվայի նկարիչների միության անդամ Միքայել Սողոյանը, ով աշխարհահռչակ կոմպոզիտորի ևս մեկ բրոնզե քանդակ է պատրաստել: Կայքի հաղորդմամբ այն  տեղադրվելու է Երևանում հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան օրը:
    Միջոցառումը շարունակվել է կոնսերվատորիայի Մեծ դահլիճում Դենիս Մացուևի համերգով:
  • Created on .
  • Hits: 2812

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: