«ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ» ԳԻՐՔԸ ՎԱՃԱՌՔՈՒՄ Է

 Գրախանութներում է Արփի Ոսկանյանի 4-րդ գիրքը՝ «Չի վաճառվում» պատմվածքների ժողովածուն։ Գրքում տեղ են գտել վերջին 20 տարիներին հեղինակած պատմվածքներ, որոնք արտացոլում են գրողի աշխարհայացքն ու ներքին ապրումները։ Ժողովածուի վերնագրում թաքնված ուղերձ կա։

«Անվան մեջ ինտրիգ կա՝ չի վաճառվում և միևնույն ժամանակ վաճառվում է։ Կա նաև այն ուղերձը, որ ամեն դեպքում կան բաներ, որոնք չեն վաճառվում։ Բառախաղ է, որն ինձ դուր է գալիս»,- Cultural.am-ին ասաց Արփի Ոսկանյանը։

«Չի վաճառվում»-ը գրքում ներառված պատմվածքներից մեկի վերնագիրն է։

 «Անշարժ գույքի վերաբերյալ գովազդ կար։ Ինչպես հետո պարզվեց՝ վիճակախաղի գովազդ էր։ Այսինքն՝ բնակարանը չէր վաճառվում, բայց խաղարկվում էր։ Այդ գովազդից ոգեշնչված գրեցի պատմվածքս և մտածեցի, որ նման վերնագիրը կարող է միավորել գրքում տեղ գտած մյուս բոլոր պատմվածքները»,- պատմեց հեղինակը։

«Չի վաճառվում» գրքում ընթերցողները կարող են տեսնել Արփի Ոսկանյանի անցած ճանապարհը։

«Սկսած անձից, աշխարհայացքից, վերջացրած գրելաոճով, նաև այն փոփոխությունները, որոնք եղել են մեր հասարակության մեջ՝ գրականության ընկալման փոփոխությունը, սպասելիքները գրականությունից, այդ ամենը ընթերցողը կարող է տեսնել գրքում»,- նշում է հեղինակը։

Ալինա Նահապետյան
  • Created on .
  • Hits: 2520

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: