ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԾՆՆԴՅԱՆ 148-ԱՄՅԱԿԻՆ
Փետրվարի 19-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը, Թումանյանի թանգարանում կմեկնարկեն մի շարք ծրագրեր, որոնք կշարունակվեն ողջ տարվա ընթացքում:
«Այցելուները նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ կհայտնվեն «ստվերների թագավորությունում»: Երեխաների համար կկազմակերպվի նաև ինտերակտիվ խաղ-քննություն, որը գուցե հանկարծակիի բերի նրանց, որովհետև «քննություն կհանձնեն» պրոֆեսոր Տեր-Թոդիկյանի մոտ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը:
Նրա փոխանցմամբ՝ լիովին վերականգնվել է Թումանյանների հյուրասենյակի կահույքի մի քանի կտոր: Նապոլեոն Երրորդի ժամանակաշրջանին պատկանող կահույքն առաջին անգամ կցուցադրվի բանաստեղծի ծննդյան օրը: Այն կտեղադրվի հյուրասենյակում, այնպես, ինչպես եղել է Թումանյանի կենդանության օրոք:
«Երկար տարիներ դրանք թանգարանի ֆոնդերում էին պահվում և անհասանելի էին թվում, քանի որ բավական թանկ հաճույք էր դրանց վերականգնումը. խիստ մասնագիտական մոտեցում ու դրամական լուրջ ներդրումներ էր պահանջում: Մեզ համար շատ կարևոր այդ ձեռքբերումն արդեն կարող ենք ցուցադրել»,- նշեց Անի Եղիազարյանը:
Փետրվարի 19-ին Թումանյանի թանգարանում առաջին անգամ կներկայացվեն նաև ձեռագործ գրքեր:
«Հատուկ անկյուն ունենք թանգարանում՝ գրքի ատելյե: Այցելուները կարող են մոտավորապես հասկանալ՝ ինչպես է ձեռագործ գիրքն արտադրվում թանգարանում: Տառերից սկսած ասեղնագործվում է մինչև յուրաքանչյուր կերպարի ստեղծումը, ամբողջովին ձեռքի աշխատանք է, կրկնօրինակը չունի»,- ներկայացրեց թանգարանի փոխտնօրենը:
Սիրանուշ Հայրապետյան
- Created on .
- Hits: 2670