ԳՅՈՒՐՋԻԵՎԻ ՀՆՉՅՈՒՆԻ ԶՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

 Ճանապարհորդ, կոմպոզիտոր, միստիկ-փիլիսոփա, պարուսույց, ներքին իրացման «չորրորդ ուղու» մասին ուսմունքի հեղինակ Գեորգի Գյուրջիևի մասին կարծես ամեն ինչ ասված է, բայց այս բառերը բավական չեն բնութագրելու խորհրդավոր ծերուկին: Նրան դեռ շարունակում են բացահայտել, իսկ ուսմունքն ու թողած ժառանգությունը ուսումնասիրում են, սակայն նորից շատերի համար նա մնում է չհասկացված ու չճանաչված:
Գյուրջիևի մասին մենք` հայերս, ավելի շատ տեղեկանում ենք օտարերկրյա ուսումնասիրողներից, թեև նա ծնունդով Ալեքսանդրապոլից էր:

Գյումրեցիների համար Գյուրջիևի կյանքի հետաքրքիր փաստերի ու հատկապես նրա երաժշտական նախասիրությունների մասին Gallery 25-ում դասախոսությամբ հանդես եկավ Լեոպոլդո Սիանոն: Ավարտելով երաժշտագիտական կրթությունը Հռոմում՝ Սիանոն շարունակել է իր ուսուցումը Քյոլնի համալսարանում (Գերմանիա), որտեղ և պաշտպանել է իր դոկտորական թեզը: Ներկայումս դասավանդում է նույն համալսարանի երաժշտագիտական ինստիտուտի ժամանակակից երաժշտության բաժնում:

Լեոպոլդո Սիանոյին դեռ պատանեկության տարիներից գերել է բեղավոր փիլիսոփան իր յուրահատուկ մտածելակերպով: Բայց միայն ավելի հասուն տարիքում է բացահայտել ու սկսել ուսումանասիրել Գյուրջիևի երաժշտական ժառանգությունն ու նրա մոտեցումը երաժշտությանը:

«Գյուրջիևի երաժշտությունը չի եղել աբստրակտ երևույթ, այն եղել է կյանքի հետ կապված: Լինելով Աշուղ Ադաշի որդին, նա եղել է Գյումրու և Կարսի երաժշտական միջավայրի մասնակից և արդեն իսկ որպես մանուկ իր մեջ է առել Գյումրվա, Կարսի ֆոլկլյորը, բացի դրանից նա Ալեքսանդրապոլի Ռուսական օրթոդոքս եկեղեցում էր երգում, դա նույնպես ամփոփվել է նրա հիշողության մեջ: Իսկ հետո սկսվել են ճանապարհորդությունները Միջին Ասիայով: Նա հազարավոր մեղեդիներ է ամբարել իր գլխում` հայկական, քրդական, պարսկական, միջինասիական: Նրա համար դժվար չի եղել հիշել այդ բոլոր մեղեդիներն ու երգել: Դեռ մնում է չբացահայտված, թե նա ինչ սկզբունքով է իր հիշողության մեջ համակարգել բոլոր այդ մեղեդիներն ու հետագայում օգտագործել իր երաժշտության մեջ»,- ասում է հետազոտողն ու ունկնդիրներին ներկայացնում Գյուրջիևի երաժշտության պատառիկները:

Երաժշտագետը նաև նշեց, որ շատ կոմպոզիտորների համար Գյուրջիևը դարձել է ներշնչանքի աղբյուր. «Հենց երաժշտության հետ կարծես ոչ մի զուգահեռներ չկան, բայց կա գյուրջիևյան ուսմունքի ազդեցությունը: Մասնավորապես, նրա և Դե Հարտմանի ստեղծած մեղեդիները ներշնչանքի աղբյուր են մի շարք խոշոր երաժիշտների համար, որոնք յուրովի կրել են Գյուրջիևի թե՛ փիլիսոփայական հայացքների, թե՛ նրա երաժշտության ազդեցությունն իրենց արվեստում: Նրանց շարքում են «կոնկրետ երաժշտության» հիմնադիր Պիեր Շեֆերը, Ֆրանսուա Բեյլը` իր ստեղծած «ակուզմատիկ» երաժշտությամբ, հնչյունի փիլիսոփա Ջիաչինտո Շելսին, օբերտոնային երգիչ Դևիդ Հայքսը, ջազ-դաշնակահար Քեյթ Ջարեթը»:

Իսկ ո՞րն է Գյուրջիևի երաժշտության առանձնահատկությունը, ի՞նչ է փոխանցել ու ի՞նչն է հրապուրել կոմպոզիտորներին: Այս հարցերին Լեոպոլդո Սիանոն պատասխանում է ոգևորված ու փորձում է ամեն կերպ հասկանալի մեկնել պարզ երաժշտության հոգում թաքնված հնչյունի զորությունը. «Նրա համար երաժշտությունը պարզապես հոգևոր ժամանցի տեսակ չէր, այլ հոգևոր փորձառության տեսակ ու մարդկանց փոխակերպելու միջոց: Գյուրջիևի հիմնական գաղափարն այն է, որ մարդիկ «քնած են», ու արվեստի դերը, հատկապես երաժշտության հիմնական նպատակն է մարդկանց արթնացնել, կյանքի զգացողությունն ակտիվացնել: Նա բացահայտեց, որ հնչյունն ունի փոխակերպող զորություն»:

Հենց հնչյունի դերն ու նշանակությունը կարևորելով նա ստեղծել է երաժշտություն, որ կարող է հիպնոսացնել մարդուն, տեղափոխել մեկ այլ աշխարհ ու կապել տիեզերքի հետ: Իսկ թե ինչու են նրա մեղեդիները հաճախ միատոն ու մելանխոլիկ, երաժշտագետ Սիանոն պատասխանում է` մեջբերելով նրա փիլիսոփայական սկզբունքները:

«Նրա համար կյանքը զոհաբերության ծիսակատարում է: Կամ դու ես ուրիշներին հափշտակում, կամ քեզ են հափշտակում: Որպեսզի կյանքդ շարունակես, պետք է սնվես, լինի դա բույս, կենդանի, թե հոգևոր ու բարոյական արժեքներ: Ինչ-որ բան զոհաբերվում է, ոչնչանում է, որ դու ապրես: Միշտ կա զոհաբերության ցավը, և այդ ցավի պտույտը հավերժ է: Միակ բանը, որ սփոփանք է պարգևում, արվեստն է, հատկապես երաժշտությունը: Եվ պատահական չէ, որ Գյուրջիևի մեղեդիների մեծ մասը մինորային, մելանխոլիկ և թեթևակի ցավ հիշեցնող տոնայնության մեջ են: Սփոփանքն ու հավերժական եղերերգը միշտ առկա է»,- նշեց նա:

Երաժշտագետի կարծիքով՝ Գյուրջիև փիլիսոփայի մոտեցումները կարևոր են այս դարաշրջանում ստեղծագործողների համար: Հարկավոր է գիտակցել, որ «հնչյունի զորությունը մեծ է», այն կարող է սփոփել, բայց նաև ցավեցնել:

Ի դեպ, սա Լեոպոլդո Սիանոյի երկրորդ այցն էր Գեորգի Գյուրջիևի ծննդավայր: Մի քանի տարի առաջ երաժշտագետը եղել է Գյումրիում, այցելել միստիկ փիլիսոփայի հոր` Աշուղ Ադաշի, գերեզմանին:

Անահիտ Հարությունյան
  • Created on .
  • Hits: 2948

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: