«ՄԻՋՆԱԴԱՐՆ ԻՆՉՔԱՆ ՀԵՌՈՒ Է ՄԵԶԱՆԻՑ, ԱՅՆՔԱՆ ԷԼ ՄՈՏ Է». ԱՆՈՒՇ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ

 Մարտի 21-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց «Այդ հեռու, մոտիկ միջնադարը» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացված են հայկական միջնադարյան ճարտարապետության հուշարձանների լուսանկարներ, ժամանակակից եկեղեցաշինության նախագծեր, մանրակերտեր և այլ նյութեր:

«Ցուցահանդեսի խորագիրը շատ տրամաբանական է, որովհետև միջնադարն ինչքան հեռու է մեզանից, այնքան էլ մոտ է: Մենք շրջապատված ենք միջնադարյան հուշարձաններով»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը:

Ցուցադրությունում կարևոր տեղ է գրավում Անի մայրաքաղաքը՝ իր հուշարձաններով, քաղաքաշինական լուծումներով, Մայր տաճարի վերակազմության մանրակերտով:

«Կան լուսանկարներ, գծագրեր, որոնք շատ կարևոր են մեզ համար. դրանք տեղեկություն են տալիս այն հուշարձանների մասին, որոնք բավական փոփոխվել են կամ արդեն գոյություն չունեն:

Հայաստանում գտնվող հուշարձանները ժամանակի ընթացքում քիչ փոփոխություններ են կրել: Օրինակ՝ ունենք լուսանկար, որտեղ Նորավանքի եկեղեցին գմբեթ չունի, հիմա գմբեթը դրված է, բայց Անիի հուշարձանների լուսանկարներին նայելիս երևում է, որ շատ բան է փոխվել: Ունենք, օրինակ, Հովվի եկեղեցու լուսանկարներ, որոնցում այն կանգուն է: Նախորդ տարի այնտեղ էի, ցավոք, մեկ պատ էր մնացել»,- նշեց Անուշ Տեր-Մինասյանը:

«Այդ հեռու, մոտիկ միջնադարը» խորագրով ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև ապրիլի 30-ը:

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի կարծիքով՝ այս ցուցահանդեսը ճանաչողական կարևոր նշանակություն ունի մեզ համար. երբ այցելուները ցուցադրված տեսնեն որևէ հուշարձան, գուցե ցանկանան գնալ և բնության մեջ տեսնել այն:

«Ցուցահանդեսը ևս մեկ անգամ հիշեցնում է մեր հասարակությանը, որ ունենք այսպիսի հարստություն, որին, սակայն, քչերն են ծանոթ: Օրինակ՝ քանի՞ երևանցի գիտի Ավանի տաճարի գոյության մասին: Մինչդեռ այն 6-րդ դարի փայլուն մի հուշարձան է, որը հանգուցային նշանակություն ունի ոչ միայն հայկական, այլև համաշխարհային ճարտարապետության համար»,- նկատեց Անուշ Տեր-Մինասյանը:

Սիրանուշ Հայրապետյան
  • Created on .
  • Hits: 2799

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: