ԲՈԲ ԴԻԼԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ

 «Ամերիկացի երաժիշտ, պոետ Բոբ Դիլանը համաձայնել է անձամբ ստանալ Նոբելյան մրցանակը Ստոկհոլմում, որտեղ նա ելույթ է ունենալու ապրիլի 1-2-ը»,- հայտնում է The Guardian–ը:

Հիշեցնենք, որ 2016թ.-ին Դիլանն արժանացել է գրականության Նոբելյան մրցանակին` «ամերիկյան երգի ավանդույթներում բանաստեղծական արտահայտչականության նոր ուղղություն ստեղծելու համար»: Երաժիշտը, սակայն, չէր ներկայացել դեկտեմբերի 10-ին կայացած մրցանակաբաշխության արարողությանը և հետագա ամիսներին չէր արձագանքել մրցանակը վերցնելու մասին հաղորդագրություններին։

Մրցանակը հանձնող Շվեդական ակադեմիան հայտնում է, որ կանոնակարգի համաձայն` նախատեսվող դասախոսությունը երգիչը անձամբ չի իրականացնի, սակայն նա խոստացել է իր խոսքի տեսաձայնագրությունն ուղարկել:

Դեկտեմբերին Դիլանը մրցանակաբաշխությանն է ուղարկել մեկ տեսաուղերձ, որտեղ հայտարարել է, որ մրցանակը մեծ պատիվ է իր համար:

Ավելի վաղ Շվեդական ակադեմիայի քարտուղարը իր բլոգում գրել էր, որ Բոբ Դիլանը չի ստանա 8 միլիոն շվեդական կրոնը (մոտ 870 հազար դոլար), եթե մինչև հունիսի 10-ը հանդես չգա նոբելյան դասախոսությամբ: Կանոնների համաձայն` մրցանակակիրը պետք է դասախոսություն անցկացնի մրցանակաբաշխության պահից ի վեր վեց ամսվա ընթացքում, և ամենևին պարտադիր չէ դասախոսությունն անցկացնել Շվեդիայում:

Ապրիլի 1-ին և 2-ին Բոբ Դիլանը ելույթ է ունենալու Ստոկհոլմում:

«Շվեդական ակադեմիան վերջին ամիսներին Բոբ Դիլանի հետ հեռախոսային զրույց չի ունեցել: Բայց և այնպես Դիլանը գիտի, որ Նոբելյան դասախոսությունը պետք է կարդա հունիսի 10-ից ոչ ուշ, որպեսզի վճարվի մրցանակի դրամական մասը: Թե ինչպես նա կվարվի, իր գործն է»,- ասել է քարտուղարը՝ միաժամանակ ընդգծելով, որ ցանկացած դեպքում Բոբ Դիլանը մնում է Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր:

  • Created on .
  • Hits: 2413

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: