«ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՔԱՂՑ ԿԱ»․ ՉԵՔԻՋՅԱՆ

 «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում Գյումրիում կայացավ ՀՀ ազգային պետական ակադեմիական երգչախմբի համերգը:

80-ամյա երաժշտական կոլեկտիվին գյումրեցի երաժշտասերներն ընդունեցին հոտնկայս  ծափողջույններով: Դասական երգարվեստի սիրահարների համար  երգի իսկական հրավառություն էր, իսկ ոմանց համար՝ բացառիկ հնարավորություն՝ առաջին անգամ լսելու երգչախմբային կենդանի կատարումներ:

 Կապելլայի  գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը նշեց, որ  Գյումրի այցելել էին 9 տարի առաջ, իսկ անցած տարիների  ընթացքում համերգ չի կազմակերպվել, քանի որ երգչախմբին չեն հրավիրել, այլապես միշտ էլ պատրաստ են  հյուր գալ։

  «Գյումրին մեզ համար սիրելի քաղաք է, միշտ շատ ջերմ է ընդունել, երգչախումբն էլ սիրով է այցելում այս երաժշտական քաղաք»,- ասաց մաեստրոն և կեսլուրջ-կեսկատակ հավելեց, որ «Մշակութային կանգառները» կարևոր են, թե չէ ևս 9 տարի պետք է սպասեին:

  Դահլիճը լեփ-լեցուն էր: Իսկ ջերմացնելու համար երգչախումբը  ջանում էր ամեն կերպ. չէ՞ որ Գյումրու դրամատիկականի դահլիճը չի համապատասխանում երգչախմբային երաժշտության պահանջներին: Հովհաննես Չեքիջյանի բնորոշմամբ՝  դահլիճն ապերախտ է, շատ վատ  ակուստիկա ունի, խմբերգային երաժշտության համար հարմար չէ, երգիչն իր ձայնը չի լսում:

Բայց  այս պայմաններում էլ կապելլայի ելույթը հաջողված էր:

Ինչ վերաբերում է համերգի ծրագրին, այն բազմազան էր, գունեղ` թե´ ընտրված գործերի, թե´ դինամիկայի առումով, ինչի շնորհիվ շուրջ մեկ ժամ ունկնդիրը վայելում էր` ընդհատելով երկար ծափահարություններով ու բրավոներով:  

  Հնչեցին Եկմալյանի, Կոմիտասի, Վերդիի, Գունոյի, Ռոսսինիի, Օրֆի, Տիգրանյանի, Չուխաջյանի ստեղծագործություններից:

 «Դասական երաժշտության քաղց կար, գոնե երկու տարին մեկ պետք է լինեն նման համերգներ մարզերում: Դաստիարակելու, ճաշակ ձևավորելու խնդիր կա, թե չէ կընկնենք ռաբիսների ձեռքը: Մենք Նարեկացի, Կոմիտաս ունենք: Բայց ես հավատացած եմ, որ շատ բան դեռ կարելի է փոխել:

Երբ 1961 թվականին եկա Երևան, բոլորի բաց լուսամուտներից լսվում էր Բաքվի երաժշտություն: Փառք Աստծո, դա վերացավ: Ժողովուրդը հասկացավ, որ դա իրենը չէ, ու հեռացավ դրանից: Հուսով եմ՝ մեր երիտասարդներն էլ կվերադառնան իրենց ակունքներին, եթե հաճախ մասնակցեն նման համերգների»,- նշեց կապելլայի  գլխավոր դիրիժորը։

Անահիտ Հարությունյան
  • Created on .
  • Hits: 4140

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: