ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹ ԿԴԱՌՆԱ ՍԵՐԲ ՆԿԱՐՉԻ ՀԱՄԱՐ

 «Ամեն ստեղծագործություն իր տեղն ունի: Դժվար է առանձնացնել ու ասել՝ այս մեկը մյուսից ավելի հարազատ է: Բայց «Հակինթը» (լուսանկարում) ինձ համար առավել ամբողջական աշխատանք է: Այնտեղ կյանքն է պատկերված»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց սերբ գեղանկարիչ Միրյանա Տոմաշևիչը:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում ապրիլի 6-ին բացվեց Տոմաշևիչի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:

Նա ազգությամբ սերբ երրորդ նկարչուհին է, որն այս կենտրոնում անհատական ցուցահանդեսով ներկայանում է հայ արվեստասերներին:

«Ինձ համար շատ հաճելի է Հայաստանում գտնվելն ու աշխատանքներս ցուցադրելը: Հայաստանը հին մշակույթի և քաղաքակրթության երկիր է»,¬- ցուցահանդեսի բացման ժամանակ նշեց Տոմաշևիչը:

Նկարչուհին առաջին անգամ է մեր երկրում: Հասցրել է լինել Գառնիում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Նախատեսում է այցելել Մատենադարան և ևս մի քանի պատմամշակութային վայրեր:

«Այն, ինչ հասցրել եմ երեք օրում տեսնել ձեր երկրում, ստեղծագործության նյութ է դառնալու ինձ համար»,- նկատեց նա:

Տոմաշևիչը ցուցահանդեսով այստեղ է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս, բանաստեղծ Բաբկեն Սիմոնյանի նախաձեռնությամբ:

«Նախորդ տարի Սերբիայում եմ ծանոթացել նկարչուհու հետ: Ինձ հետաքրքրեցին նրա գործերը, առաջարկեցի դրանք ներկայացնել Հայաստանում: Նա ոգևորվեց, այդ ոգևորությունն ինձ էլ փոխանցվեց: Բերեցի աշխատանքները, և սկսեցինք պատրաստվել ցուցահանդեսին»,- պատմեց Բաբկեն Սիմոնյանը:

Միրյանա Տոմաշևիչը գրաֆիկայի բելգրադյան դպրոցի պրոֆեսոր Բոժիդար Ջմերկովիչի լավագույն սաներից է: Հավատարիմ մնալով իր ուսուցչի գործին՝ նկարիչը ձևավորել է ստեղծագործական մի միջավայր, որտեղ առկա անսահման տարածքը գործերին նոր հնչեղություն, ժամանակակից պոետիկա հաղորդելու տեխնոլոգիական միջոց է:

«Միրյանայի գործերում տարածությունն է և, հավանաբար, իր ժողովրդի կորուստը: Սերբ ու հայ ժողովուրդները նման են հիմնականում իրենց տանուլ տվածով, կորուստներով: Մենք ժողովուրդներ ենք, որոնք ունեն նույն պատմությունը, նույն մշակույթը և նույն թշնամին: Ուրեմն պետք է ավելի ուժեղ «բռնենք» իրար, ավելի լավ ճանաչենք ու ավելի շատ սիրենք միմյանց»,- ասաց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն, բանաստեղծ Հովիկ Հովեյանը:

Նույն կենտրոնի փոխտնօրեն, արվեստաբան Ժենյա Քալանթարյանի բնորոշմամբ՝ այս ցուցահանդեսն ուրույն կամուրջ է երկու ժողովուրդների մտածելակերպի, ճակատագրի և աշխարհընկալման միջև:

«Տոմաշևիչը մեզ ներկայացավ իր գրաֆիկական աշխատանքներով, որոնք ասես գծի և գույնի համադրություններ, երկխոսություններ լինեն: Հետաքրքիր ստեղծագործություններ են, որոնցում երևում են հեղինակի մտածելակերպը, ներաշխարհն ու ասելիքը»,- հավելեց արվեստաբանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 12-ը:

Միրյանա Տոմաշևիչը ծնվել է 1967 թվականին Բելգրադում: 1991 թվականին ավարտել է Բելգրադի արվեստների համալսարանի կիրառական արվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժինը: Նույն ֆակուլտետում այժմ գրաֆիկա է դասավանդում: 1992 թվականից Սերբիայի նկարիչների միության անդամ է: Նրա աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:
 
Սիրանուշ Հայրապետյան
  • Created on .
  • Hits: 2662

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: