ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԻ ԳՈՒՅՆՆ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

 Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերն ունեն մոտ 80 գրաֆիկական, գեղանկարչական ու  խեցեգործական աշխատանք, որոնցում Հնդկաստանն է՝ իր գույներով ու դիմագծերով: Բայց  տարիների ընթացքում ներկայացված է եղել դրանց մի փոքր մասը: Ֆոնդերում պահված արևն ու ջերմությունը  Ասլամազյան քույրերի պատկերասրահը որոշել է հանրությանը ներկայացնել ի պատիվ հայ-հնդկական բարեկամության ու  պատկերասրահի հիմնադրման 30-ամյակի:
 
Ասլամազյանների «Արևոտ Հնդկաստանը» ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև  ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Նա Գյումրիում առաջին անգամ էր: Տպավորված էր, թե ինչպես են Ասլամազյան քույրերը կարողացել ընդգծել հնդկական մշակույթի ու կենցաղի առանձնահատկությունները:

«Ինձ համար անչափ կարևոր էր իմանալ Ասլամազյան քույրերի մասին և ճանաչել նրանց արվեստը, իմանալ դեպի Հնդկաստան նրանց ճանապարհորդության մասին, որից տպավորված ստեղծել են այս աշխատանքները: Ես շատ կուզենայի, որ այս ցուցահանդեսը նույնպես ճանապարհորդեր ու հնդիկ արվեստասերներն էլ  տեսնեին այս   գործերը»,- ասաց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Ի դեպ, հենց Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ են նկարները, որոնք տարիներ շարունակ  պահոցներում մնալուց վնասվել էին, վերականգնվել ու տեղադրվել    համապատասխան շրջանակներում:

 Նշենք նաև, որ Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերը Հնդկաստան ճանապարհորդելուց հետո  Հայաստան են բերել ոչ միայն տպավորություններ: Նրանք հետագայում ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն են  ծավալել։

«Հնդկաստան կատարած շրջագայությունները նշանավորվել  են Ինդիրա Գանդիի հետ հանդիպումով, որին Մարիամ Ասլամազյանը նաև պատկերել է  իր կտավներից մեկում: Մարիամ Ասլամազյանի շնորհիվ է, որ  1976 թվականին առաջին անգամ  Ինդիրա Գանդին  այցելել է Խորհրդային Հայաստան», - նշեց  Ասլամազյան քույրեր պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը:

  Արվեստասերների համար ևս այս ցուցահանդեսը բացահայտում էր: Նկարիչ  Գագիկ Մանուկյանը նշեց. «Զարմացա ու հիացա նրանց  գույներով, այլ  մշակույթը այդքան  բազմագույն ու վառ ներկայացնելու կարողությամբ: Ուրախ եմ, որ երկար ժամանակ չներկայացված   աշխատանքները գտել են իրենց տեղը ցուցասրահում, ու կարող ենք այսուհետ  հիանալ դրանցով»: 

Ասլամազյանների «Արևոտ Հնդկաստան» ցուցահանդեսը Մարիամ և Երանուհի  Ասլամազյանների պատկերասրահում բաց է լինելու մինչև ապրիլի 15-ը:

Անահիտ Հարությունյան
  • Created on .
  • Hits: 3014

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: