«ՄԵՆԵՐԳ ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՀԱՄԱՐ» ԿԱՄ ՄԵԴԵԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾԸ

 «Հյուրախաղերով Օդեսայում էինք, այնտեղից գնացքով Չեռնիգով պիտի գնայինք: Ճանապարհին ուղեկցորդուհին ասաց՝ երկու ժամ սպասելու ենք, հետո նոր շարունակենք: Ես ու դաշնակահարուհիս մտածում էինք՝ ինչ անենք երկու ժամ: Որոշեցինք իջնել գնացքից, զբոսնել: Քառասուն րոպեից վերադարձանք, գնացքը գնացել էր: Պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը, գործիքս գնացքում էր մնացել:

Կայարանապետը շատ լավ մարդ էր, ասաց՝ մի անհանգստացեք, զանգ կտամ, կասեմ, որ թավջութակ կա գնացքում, ապահով հասցնեն Չեռնիգով: Հաջորդ օրվա գնացքով մենք էլ գնացինք: Մեզ դիմավորող ադմինիստրատորն ասաց՝ տեսել էի, որ երաժիշտներն առանց գործիքների գային, բայց որ գործիքներն են առանց երաժիշտների գալիս, առաջին անգամ եմ տեսնում»,- հիշում է անվանի թավջութակահար Մեդեա Աբրահամյանը:

Ասում է՝ ամեն շրջագայության ժամանակ մի հետաքրքիր բան լինում էր: Դրանք այնքան շատ են, որ միշտ պատմելու բան ունենում է:

Մեդեա Աբրահամյանի կյանքի և գործունեության հետաքրքրական դրվագները, այդ թվում՝ նման պատմություններ, տեղ են գտել «Մեներգ թավջութակի համար» գրքում: Հեղինակը Ռոզա Եղիազարյանն է:

Ապրիլի 8-ին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Այն հրատարակվել է 500 օրինակով, Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Մանկություն, երիտասարդություն, ուսանողական տարիներ, սեր, նշանավոր արվեստագետների հետ հանդիպումներ, համերգային շրջագայություններ և այլն: Հեղինակն անդրադարձել է թավջութակահարի կյանքի ամենաուշագրավ դրվագներին:

«Ինձ համար շատ հետաքրքիր էր Ռոմանոս Մելիքյանի հետ հանդիպումը: Մայրը երեք տարեկան Մեդեայի հետ հյուր է գնում ընկերուհուն: Գիտեր, որ Ռոմանոս Մելիքյանն էլ է այնտեղ, գնում են, որ լսի աղջկան, իր կարծիքն ասի: Այնտեղ Մեդեան ոչ թե ինչ-որ մանկական երգ է կատարում, այլ արեա: Մելիքյանն ասում է՝ այս երեխան անպայման երաժիշտ կդառնա»,- Cultural.am-ի հետ զրույցում պատմեց Ռոզա Եղիազարյանը:

Գիրքը գրվել է ոչ թե երրորդ, այլ առաջին դեմքով՝ Մեդեա Աբրահամյանի անունից:

«Աշխատել եմ այդպիսով պահպանել պատմողի երիտասարդ շունչը, զգայուն նյարդը»,- բացատրում է գրքի հեղինակը:

Նախկինում անդրադարձներ եղել են թավջութակահարի երաժշտությանը, բայց ոչ կյանքին:

«Սա ինքնակենսագրական արձակի փորձ է: Մեդեան ողջ կյանքի ընթացքում գրառումներ է կատարել իր ստեղծագործության վերաբերյալ, և բավական մեծ արխիվ էր հավաքվել: Երբ ինձ առաջարկեց դրա հիման վրա գիրք կազմել, համաձայնեցի, բայց հետո հասկացա, որ այդ ամենը երաժշտագետներից բացի ոչ մեկի չի հետաքրքրի, որովհետև զուտ մասնագիտական գրառումներ էին: Մի քանի անգամ զրուցելուց հետո հասկացա, որ նա շատ հետաքրքիր մարդ է, և առաջարկեցի կենսագրական գիրք գրել: Համաձայնեց: Շատ գեղեցիկ էր պատմում, նրա հետ աշխատելը բոլորովին դժվար չէր: Միակ խնդիրն այն էր, որ նա ուզում էր հիմնականում երաժշտության կողմը գնայինք, իսկ ինձ ավելի շատ կյանքն էր հետաքրքրում»,- պատմեց մեր զրուցակիցը:

Սիրանուշ Հայրապետյան
  • Created on .
  • Hits: 3114

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: