ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉ ՋԱԶԻ ԼԵԶՎՈՎ

 Պատահական չէ, որ «Make Jazz Not War» կամ «Ջազը հանուն խաղաղության» խորագիրը կրող համերգն ապրիլի 8-ին Ա. Խաչատրյան համերգասրահի հարկի տակ էր հավաքել Արցախի պետական ջազ նվագախմբին, «Մալխաս» ջազ բենդին ու Արմեն Հյուսնունցին։

Սոցիալական քննադատ Գերշոն Լեգմանի «Make love, not war» հակապատերազմական կարգախոսի վերաձևակերպված տարբերակի՝ «Make Jazz Not War»-ի միջոցով համերգի կազմակերպիչները ցանկանում են հանրությանը փոխանցել հատուկ ուղերձ։


«Համերգի նպատակը խաղաղության կոչն է, ցանկությունը, որ Հայաստանի և Արցախի բնակչությունը մեր հարևան պետության հետ ապրի խաղաղ։ Կարծում եմ՝ ջազն, իր մեջ պարունակելով տարբեր ոճեր, կարող է հանրության համար դառնալ խաղաղության սիմվոլ։ Վստահ եմ՝ երաժշտությունը (այս դեպքում՝ ջազը) կարող է միավորել հանրությանը, հանդիսանալ խթան, որպեսզի մենք շարունակենք ապրել, ստեղծագործել, շենացնել մեր երկիրը»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար Տիգրան Լալայանը։

«Մալխաս» ջազ բենդի հիմնադիր Լևոն Մալխասյանի պնդմամբ` իր՝ համերգին մասնակցելու ցանկությունն անմիջականորեն կապված է Արցախի պետական ջազ նվագախմբի ստեղծագործական պրոֆեսիոնալիզմի հետ։

«Քանի որ ես Արցախի բոլոր ջազ բենդերի ձևավորման փուլերին անմիջականորեն մասնակցել եմ ու հետևել, անգամ առանց համերգի խորագրի էլ, մեծ հաճույքով համաձայնել եմ մասնակցել։ Ինձ համար մեծ պատիվ է այդ որակյալ ջազ բենդի հետ միևնույն բեմահարթակում ելույթ ունենալը։ Ինչ վերաբերում է միջոցառման խորագրին, ապա այո, կարծում եմ՝ այն շատ սիմվոլիկ է և ճիշտ ընտրված։ Ցանկությունս է, որ այն շարունակական բնույթ կրի»,- մեզ հետ զրույցում նշեց Լևոն Մալխասյանը։

Նշենք, որ «Make Jazz Not War» համերգը կազմակերպել էր Ջազի հայկական ասոցիացիան։ Աջակիցներն էին ՀՀ և ԼՂՀ մշակույթի նախարարությունները։ Համերգից ստացված հասույթն ուղղվելու է ԼՂՀ մշակույթի նախարարությանը:

Ալինա Նահապետյան
  • Created on .
  • Hits: 2880

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: