«ՎՐԱՍՏԱՆ-ԿՐԿՆԱԿԻ ԷՋԵՐ». ԲԱՑՎԵՑ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչ Յուրի Մեչիտովի «Վրաստան-կրկնակի Էջեր» սև ու սպիտակ լուսանկարների ցուցահանդեսն ապրիլի 12–ին բացվեց «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում։ 

Վերջին 40 տարիների ընքացքում Վրաստանում արված լուսանկարները, որոնք ներկայացված են ցուցահանդեսին, հեղինակի տպագրման փուլում գտվող ֆոտոգրքից են ընտրված։

«Ցուցահանդեսում ամփոփված է իմ 40 տարվա աշխատանքը։ Ցուցադրված լուսանկարների ընտրությանը մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել, քանի որ այն բացահայտում է պատահական ստեղծված լուսանկարների էությունը։ Այս շարքը կարող եմ ասել, որ փաստացի գիրք է, որը, ցավոք, չեմ հասցրել տպագրել այս օրվա համար։ Մոսկվայում այժմ հենց այս լուսանկարներով գիրք է տպագրվում, որը կցուցադրվի մեկ այլ ցուցահանդեսի շրջանակներում»,- Cultural.am-ին ասաց լուսանկարիչ Յուրի Մեչիտովը։

Վրացի արվեստագետը նշեց նաև, թե ինչ ազդեցություն է թողել իր ստեղծագործական մտածելակերպի վրա «խաղացող մարդը»՝ Սերգեյ Փարաջանովը։

«Փարաջանովի՝ թբիլիսյան տիպիկ ֆենոմենի հետ հանդիման համար, ես ամեն առավոտ շնորհակալ եմ Աստծուն։ Փարաջանովն ինձ վրա մեծ ազդեցություն է թողել՝ սովորեցնելով կադրը ճիշտ դնելու գաղտնիքը։ Ես կարող եմ ստեղծել։ Դա ինձ համար շատ կարևոր է»,- ասաց լուսանկարիչ Յուրի Մեչիտովը։

Նշենք, որ Յուրի Մեչիտովը մի քանի ֆոտոգրքերի հեղինակ է, այդ թվում՝ Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆոտոգրքի: Հեղինակը մինչ օրս ունեցել է շուրջ 100 ցուցահանդեսներ Վրաստանում և արտերկրում։

Լուսանկարչի «Վրաստան-կրկնակի Էջեր» ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 17-ը։

Ալինա Նահապետյան
  • Created on .
  • Hits: 2576

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: