«ԱՎՐՈՐԱ»–Ի ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԱՐՓԻՆ ՈԳԵՇՆՉՎԵԼ Է ՊԻԿԱՍՈՅԻՑ

    «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կազմակերպած «Գունավորելով աշխարհը» մանկական ցուցահանդեսի հաղթողը հայտնի է։ Նա Երևանի Հ. Իգիթյանի անվան ազգային գեղագիտական կենտրոնի սան 7-ամյա Արփի Ղազարյանն է։
    Մայիսի 1–ին Հովհաննես Թումանյանի թանգարանում բացված մանկական ցուցահանդեսին արվեստասեր հանրությունը հնարավորություն ուներ գնահատելու մրցույթին ներկայացված 63 լավագույն աշխատանքները։
    «Այս ամենը քաղաքականությունից ու պետություններից վեր է. աշխարհի բոլոր երեխաների ու նրանց գույների շնորհիվ է հարստանում այս աշխարհը»,- լրագրողներին ասաց մրցույթի ժյուրիի անդամ Հրանտ Վարդանյանը։
     Մրցույթի կարևորագույն նախապայմանը ներկայացված աշխատանքներում մարդկային կյանքի արժևորման, խիզախության, նվիրվածության, բարին գործելու և լուսավոր ապագայի մասին գաղափարները ցուցադրելն էր։ Այս ամենը մեկ կտավում համադրելու ունակությունը դրսևորել է առաջին հերթին Արփի Ղազարյանը։
    «Տեսնելով Պիկասոյի նկարները՝  նրա նման նկարելու ցանկություն ունեցա։ Այս գեղանկարը նկարելիս ինձ օգնել է իմ ուսուցիչը»,–  cultural.am–ին ասաց մրցույթի հաղթող Արփի Ղազարյանը։
    Նշենք, որ ցուցահանդեսում ներկայացված բոլոր աշխատանքներն արվել են 2016թ. հունվարի 1-ից հետո։ Մրցույթին աշխարհի տարբեր ծայրերից՝ ընդհուպ Հարավային Ամերիկայից, մասնակցել է 7–14 տարեկան 1107 երեխա։ Մրցույթի հաղթողները ցուցահանդեսի բացման և արդյունքների ամփոփման ժամանակ պարգևատրվեցին մրցանակներով, ինչպես նաև բացառիկ հնարավորություն ստացան մասնակցելու 2017թ. մայիսի 28-ին Երևանում անցկացվելիք «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:

Ալինա Նահապետյան
  • Created on .
  • Hits: 2704

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: