ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ «ԴԼԵ ՅԱՄԱՆԸ» ՀՆՉԵՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գյումրու ազգային գեղագիտական կենտրոնում համատեղ համերգային ծրագրով ելույթ ունեցան հայ և թուրք երաժիշտները: Նիդա Աթեշը և Սուրեն Ասատրյանը միասին նվագեցին հայկական և թուրքական ավանդական մեղեդիները:
«Երաժշտությունը ազատություն է, ինչպե՞ս կարող ենք սահմանափակել այն. մեր քարոզը ազատությունն ու ազնվությունն է»,- այսպես մեկնաբանեց դուդուկահար Սուրեն Ասատրյանը հայ և թուրք երաժիշտների համատեղ համերգի նպատակն ու աղերսը:
Երաժշտության լեզվով երկխոսելու միջոցով երաժիշտները ցանկանում են գտնել շփման այն ուղիները, որոնք հնարավորություն կտան, եթե ոչ բարեկամներ, ապա որպես հարևաններ ապրել կողք կողքի ու կարողանալ ստեղծագործել: Այս կարծիքը կիսեց թուրք երաժիշտ Նիդա Աթեշը, ով ծնվել է Ստամբուլում, ապա սովորել Իզմիրում, իսկ այժմ բնակվում է Բուրսայում: Հոր շնորհիվ մանկուց ավանդական երաժշտության միջավայրում է դաստիարակվել ու արդեն 25 տարի է պրոֆեսիոնալ երաժշտությամբ է զբաղվում:
«Ինչպես թուրք հայտնի գրող Յաշար Քեմալն է ասել. «Մենք պետք է շփման լեզու գտնենք` անլեզու, անբերան չմնանք»: Եթե բարեկամության կոչեր լինեն, հաշտության, ապա ինչպես ջուրն է իր ճանապարհը գտնում ու գնում, նույն կերպ նաև մարդիկ իրենց համատեղ ճանապարհը կգտնեն ու կապրեն իրար հետ: Բայց, ցավոք սրտի, հակառակ ուղղությամբ գաղափարախոսություն է տարածվում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Մենք էլ մեր երաժշտությամբ ուզում ենք հակազդել այս ամենին»,- նշեց Նիդա Աթեշը:
Հայ և թուրք երաժիշտների խոսքերի ապացույցը եղավ «Դլե Յաման» ստեղծագործության համատեղ կատարումը: Մի պահ կարծես հանդիսատեսը զարմանք ապրեց նման համագործակցությունից ու համարձակ քայլից:
Դուդուկի հետ երկխոսում էր թուրք երաժիշտի լյուդն ու բաղլաման: Ինչպես նշեց Նիդա Աթեշը, երկուսն էլ սազի ընտանիքի գործիքներից են և ավելի շատ օգտագործվում եմ անատոլիական մեղեդիներում. դրանք հնչեցին նաև համատեղ համերգի ընթացքում: Նիդա Աթեշի նվագին միանում էր նաև դուդուկը ու երբեմն հնարավոր չէր լինում սահմաններ գծել ու տարանջատել հայկական ու թուրքական մեղեդիները:
«Երաժշտությունը չի կարող սահմաններ ունենալ. սահման գծում են քաղաքագետները, իսկ մենք նույն տարածաշրջանի ժողովուրդ ենք, ու դրա համար սահմաններ գծելն անհնար է» -, նշեց Նիդա Աթեշը:
Նիդա Աթեշի և Սուրեն Ասատրյանի համագործակցությունը նոր չէ, նրանք արդեն հինգ համատեղ համերգ են կազմակերպել Ստամբուլում, որոնցից մեկը տեղի է ունեցել Պատրիարքարանի Մայր եկեղեցում: Հանդիսատեսը, որի գերակշիռ մասը եղել է ազգությամբ թուրք, հաճույքով ունկնդրել է համերգին հնչած ստեղծագործությունները:
«Դուդուկի և սազի համանվագով շատ գեղեցիկ ժողովրդական մեղեդիներ են ստացվում, և դա դուր է գալիս ժողովրդին. երաժշտության լեզուն հասկանալի է բոլորին», - ասաց արմատներով բայազետցի դուդուկահար Սուրեն Ասատրյանը:
Համերգը Եվրամիության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում կազմակերպել էին Անադոլու Քյուլթուրը և Նիլուֆերի քաղաքապետարանը:
Անահիտ Հարությունյան
Անահիտ Հարությունյան
- Created on .
- Hits: 2796