ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ «ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ»-Ը

    Թուրքիայից ժամանած թատերախումբն առաջին անգամ ելույթ ունեցավ գյումրեցի հանդիսատեսի համար: Նիլուֆերի քաղաքապետարանի թատերախումբը հայ հանդիսատեսին ներկայացրեց հայ երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» կատակերգությունը:
    Ներկայացումը թուրքերեն էր՝ հայերեն ենթագրերով: Այն հարցին, թե ինչու են ընտրել հենց այս ստեղծագործությունը, ներկայացման ռեժիսոր Էնգին Ալքանը պատասխանեց. «Հակոբ Պարոնյանը նաև Օսմանյան կայսրության մեջ հայտնի երգիծաբան է. ազգությունը նշանակություն չունի: Որքան էլ քաղաքականությունը տարբեր բևեռներ տանի ժողովուրդներին, միևնույնն է ստեղծագործող մարդիկ ու հատկապես թատրոնը կարողանում է շատ կարևոր դեր կատարել ու հաշտության ուղիներ նախանշել երկու ժողովուրդների միջև»:
    Բուրսայի Նիլուֆերի քաղաքապետարանի թատերախումբը 3 տարվա պատմություն ունի: Պարոնյանական երգիծանքին անդրադառնում է առաջին անգամ, իսկ Ստամբուլի 130 տարվա պատմություն ունեցող թատրոնը 2007 թվականին նույն գործը ներկայացրել է Բուրսայում ու Ստամբուլում՝ ունենալով ավելի քան հինգ հարյուր հազար հանդիսատես:
    35Ի դեպ, հենց 2011 թվականին Ստամբուլում ներկայցված «Ատամնաբույժն արևելյան»-ի բեմադրությունից հետո ռեժիսոր Էնգին Ալքանը և թատրոնի ղեկավար Այշել Շամլօղլուն ընդունել են, որ հայերը մեծ ներդրում են ունեցել թուրքական թատրոնի զարգացման գործում: «Հայերն են հիմնել թուրքական թատրոնը։ Մենք պետք է իմանանք մեր անցյալը, եթե ուզում ենք առաջ շարժվել։ Դժբախտաբար, մեր հասարակությունը հիշողություն չունի»,- ասել է Շամլօղլուն:
    Հենց այդ ժամանակ է ծնվել մտահղացումը՝ համագործակցել հայ գործընկերների հետ ու գալ Հայաստան պարոնյանական բեմադրությամբ: Հեղինակի նուրբ հումորն ու զավեշտը թուրք ռեժիսորը ներկայացրել էր արտահայտիչ դիմահարդարմամբ ու բեմական հագուստների հետաքրքիր լուծումներով:
    Հայ երգիծաբանի՝ դեռ 150 տարի առաջ ներկայացված բարքերը այժմ էլ արդիական են ու հեղինակը այն խտացնում է, հոմորը հասնում է զավեշտի, որը ստանում է սոցիալական բովանդակություն։ Նյութական շահի վրա կառուցված անհամապատասխան ամուսնություններն անխուսափելիորեն իրենց դրաման են ստեղծում ընտանեկան հարաբերություններում:
    Բուրսայի Նիլուֆեր քաղաքապետարանի թատերախմբի համակարգող Ֆեզա Նորսան նշեց. «Չնայած պետական քաղաքականությունը փորձել է մոռացնել տալ մեզ Պարոնյանի գործերը, բայց մենք գտանք ու բեմադրեցինք: Ես կարծում եմ, որ այլ ստեղծագործություններ ևս պետք է բեմադրենք: Սա առաջին քայլն է երկու ժողովուրդների համար, աստիճանաբար մենք ճանաչելու ենք իրար ու բարիդրացիական հարաբերություններ ենք ստեղծելու»:


                                                                                                      Անահիտ Հարությունյան

  • Created on .
  • Hits: 2633

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: