Шаблоны Joomla здесь

ՄԱՐԻԱՄ ԵՎ ԵՐԱՆՈՒՀԻ ԱՍԼԱՄԱԶՅԱՆՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՕՆԼԱՅՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ

Ստեղծվել է՝ Կիրակի, 21 Մայիս 2017 Հեղինակ՝ cultural
    Թանգարանների միջազգային օրը  Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը  գործարկեց  պաշտոնական կայքէջը՝ aslamazyanmuseum.com-ը:
    Կայքը պատմում է պատկերասրահի ստեղծման, Ասլամազյան քույրերի կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին: Օնլայն տիրույթում տեղ են գտնելու նաև անցկացվող միջոցառումների ու ցուցահանդեսների մասին տեղեկություններ.  «Կայքն ամբողջ  պատկերասրահի մասին տեղեկություն է պարունակում, և բացի դրանից, նկարիչ քույրերի բոլոր գործերը թվայնացվել են.  21-րդ դարում փորձում ենք ավելի հանրայնացնել Ասլամազյանների մշակույթը»,- կայքէջի շնորհանդեսի ժամանակ նշեց   պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը:
    Կայքը եռալեզու է՝ հայերն, ռուսերեն և անգլերեն, ինչն ավելի կընդլայնի կայքի այցելուների շրջանակը և մեծ հնարավորություն կտա ծանոթանալու պատկերասրահի, ինչպես նաև Ասլամազյան քույրերի աշխատանքներին: «Կայքի ստեղծման աշխատանքները բավականին երկար տևեցին, սակայն արեցինք այնպես, որ այցելուի ու պատկերասրահի միջև կապն ավելի ամրանա ու փոխշփումն ավելի հետաքրքիր դառնա»,- հավելեց Վահագն Ղուկասյանը:
    Կայքի շնորհանդեսին ներկա էր նաև Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, ով իր խոսքում շեշտեց. «Այս նորաստեղծ կայքի միջոցով մենք կարող ենք աշխարհին ներկայացնել մեր մշակութային ժառանգությունը»:
    Թանգարանների միջազգային օրը  պատկերասրահում արդեն փաստերի լեզվով ներկայացվեցին բոլոր ձեռքբերումները: Տարբեր ծրագրերի ու ցուցադրությունների շնորհիվ ավելացել է այցելուների թիվը, իսկ որոշ ծրագրերի  աջակցությամբ  կարողացել են վերականգնել ֆոնդերում պահված  ցուցանմուշները, բացի այդ  ձմռանը պատկերասրահում հատուկ համակարգերի միջոցով ապահովվում է հատուկ ջերմաստիճան, որպեսզի  Ասլամազյան քույրերի  նկարները չվնասվեն ջերմաստիճանի տատանումներից:


                                                                                                            Անահիտ Հարությունյան
Դիտումներ: 1144