ՏԱԿՆՈՒՎՐԱ ԱՆԵԼՈՎ ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ՈՐՍԱԼՈՎ ԱՆՈՐՍԱԼԻՆ
Ճեպանկարների միջոցով ներկայացող հին ու նոր Երևան, որն ավելի հարազատ կդառնա տեղացիների և ավելի գրավիչ՝ զբոսաշրջիկների համար:
«Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ նկարիչներ Արարատ Մինասյանը և Զաքար Դեմիրճյանը հեղինակել են «Երևան. ճեպանկարների գիրք»-ը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 29-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում:
Գիրքը ներկայացնում է մայրաքաղաքն իր հարուստ պատմությամբ, տեսարժան վայրերով, գույներով, առօրյայով, հայտնի ու անհայտ բնակիչներով:
«Երևանն ինձ համար նախևառաջ այստեղ ապրող մարդիկ են. նրանք են ստեղծում երևանյան մթնոլորտը: Կարծում եմ՝ մեր քաղաքը բազմագույն է, և վարդագույն Երևանի պիտակն արդեն անցնում է: Հետաքրքիր է, որ կարող ես օրինակ վարդագույն շենքը պատկերել լրիվ ուրիշ գույներով, բայց պահես շենքի կոլորիտը, մթնոլորտը: Դրա համար մեր գիրքը բազմագույն է ստացվել՝ հանգած մոխրագույն, վառ կարմիր, դեղին… ցանկացած գույն կարող ես տեսնել»,- լրագրողների հետ զրույցում նշեց Զաքար Դեմիրճյանը:
Արարատ Մինասյանի համոզմամբ՝ Երևանում ամեն ինչ կարելի է գտնել ու նկարել, բայց ինքը որոշել է ցույց տալ հատկապես այն, ինչ աչքից թաքնված է, այսինքն՝ միանգամից չի երևում, բայց կարողանում է զգացողություն փոխանցել:
«Դա կարող է բոլորին հայտնի տեղ լինել, ինչպես, օրինակ, Բաղրամյան-Կիևյան հանգույցը, որի մոտով բազմիցս անցել եմ, և որը միշտ ուզեցել եմ նկարել, բայց չեմ հասկացել՝ որտեղից նկարեմ, որ ճիշտ լինի: Մի օր էլ այդտեղով անցնելիս մանուշակագույն ավտոբուսներից մեկի անցնելը տեսա, ու միանգամից նկարը եկավ զգացողության հետ: Եթե այդ պահին ավտոբուսը չանցներ, գուցե նկարը չլիներ: Այսինքն՝ պետք է կարողանաս անորսալի ինչ-որ բաներ որսալ»,- կարծում է Արարատ Մինասյանը:
Ճեպանկարների գիրքը երեք տարվա աշխատանքի արդյունք է: Ինչպես նկարիչներն են ասում, տակնուվրա են արել Երևանը, առավոտից երեկո շրջել քաղաքի տարբեր անկյուններում:
«Իրականում բարդ է: Երբ նայում ես քաղաքին, քեզ թվում է՝ ուղղակի կգնաս, էսինչը կնկարես, կգաս, բայց այդպես չէ, մինչև չզգաս, չես նկարի»,- ընդգծեց Մինասյանը:
Գիրքը լույս է տեսել հայերեն և անգլերեն տեքստերով: Հեղինակը երգահան և դրամատուրգ Քրիստ Մանարյանն է, խմբագիրը՝ գրականագետ Հայկ Համբարձումյանը:
Սիրանուշ Հայրապետյան
- Created on .
- Hits: 3220