ՆԿԱՐԻ ՈՒ ՔԱՆԴԱԿԻ ՍԻՄՖՈՆԻԱ

    Գյումրու Ս. Մերկուրովի անվան թանգարանում անհատական ցուցահանդեսով է ներկայացել գյումրեցի ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Ալբերտ Մխիթարյանը: Նա շուրջ 20 տարի բնակվում է Ֆրանսիայում: Հայրենի քաղաքում առաջին ցուցահանդեսն էր, բայց հեղինակը իր աշխատանքները արվեստասերների դատին է հանձնել 2005 թվականից:
    Ցուցահանդեսը պատառիկներ էր տարբեր  գործերից՝ քանդակներ, նկարներ, որոնց թեման ու մոտեցումը բազմազան էր ու ինչպես հեղինակը բնորոշեց` գույների ներդաշնակության մթնոլորտում:   
    Հավաքածուի մեջ մեծ թիվ են կազմում ծաղրածուների քանդակները: Ալբերտ  Մխիթարյանի կարծիքով ծաղրածուները  երկու բնույթ ունեն ու պետք է բավական հմուտ լինել  ծաղրածուի ներքին աշխարհը բացահայտելու համար:
    «Ալբերտ Մխիթարյանին  ճանաչում էի որպես ճարտարապետ ու հիմա էլ ճարտարապետության ու քանդակի շատ հետաքրքիր զուգորդում է եղել: Հետաքրքիր է նաև քանդակների գունավորումը. մի պահ կարծես   շփոթում ես բրոնզ է, թե՞ ոչ: Այս տարիները զուր չեն անցել նկարիչ - ճարտարապետի համար. դժվար է աշխատել օտար ափերում և  նման հարուստ «ավարով» ներկայանալ մեզ»,- իր տպավորություններով կիսվեց քանդակագործ Արտուշ Պապոյանը:  
    Ալբերտ Մխիթարյանն էլ պարզաբանեց, թե ինչ գաղտնիք ու  հմտություններ են թաքնված գունավորված  քանդակների մեջ. «Աշխատանքներիս մեջ գերակշռում են կանաչով  գունավորված քանդակները: Համաշխարհային քանդակագործության մեջ էլ քիչ է  փիրուզային կանաչ գույնը: Եթե մի գույն ստանալու համար  մի քանի օր է պահանջվում, կանաչը՝ շաբաթների արդյունք է: Ի վերջո, դա ներկ չէ, այլ թթուներով բրոնզը հասցնում ես  այդ գույնի»:
    Աբստրակտ նկարներում ևս շարունակվում էր քանդակների թեման, նկարն ու քանդակը լրացնում էին իրար: Ստեղծվել էր աբստրակտ իրականություն, որտեղ կարելի էր  թափառել՝ գտնելով  գույների ներդաշնակության սեփական  ընկալելի հարթակը:   
    «Եթե ուղղակի գույներ լինեն, դիտորդը կանցնի, կգնա: Բայց եթե կանգնեց, կտավը հայացքը բռնեց, ուրեմն նրա մեջ արվեստ կա, որն ընդհանրացնում է ամեն ինչը: Ասօրվա կյանքն է պահանջում աբստրակտը ու քայլել կյանքին համահունչ: Նկարչությունը շատ փոփոխական է, միանգամից ժամանակի պահանջը արտացոլում է իր մեջ, մի քանի տասնյակ -իզմ-եր է փոխել միայն 20-րդ դարում, նույնը չենք կարող ասել քանդակագործության մասին: Բայց ես փորձում եմ նոր շունչ տալ քանդակներիս, ընդհանրացված ֆորմաներով եմ աշխատում,  այսինքն՝ տվյալ կերպարի  մեջ  մեկ այլ հատկություն, շարժում, էներգիա եմ հաղորդում,  որը  փնտրում է  դիտողը»,-իր աշխատանքնները այսպես  մեկնաբանեց ցուցահանդեսի հեղինակ Ալբերտ Մխիթարյանը:
    Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 12-ը:
      
                                                                                                      Անահիտ Հարությունյան
  • Created on .
  • Hits: 2613

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: