ՃՇՄԱՐՏԱԽՈՍ ԵՐԳՉԻ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    Ամերիկաբնակ երգիչ-երգահան, հեղինակային երգիչ Արմեն Մովսիսյանը համերգներով հանդես գալով Եվրոպայում, օրերս համերգ-հանդիպումներ է կազմակերպել Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում:
    Ծննդավայրում՝ Գյումրիում,  հանդիպելով իր երգի սիրահարների հետ`  Արմեն Մովսիսյանը պատմել է, թե ինչը ստիպեց նրան հեռանալ հայրենիքից. «Զգում ես, որ ազատ արվեստագետի համար օդը քիչ է: Ամերիկան հարևանի տունն է, բայց հարևանի տան մեջ դու ազատ ես: Այնտեղ  կա անձնական տարածություն. Հայաստանում այդ տարածությունը փոքրացել է: Սիրում եմ իմ երկիրը, և հայրենիքից հեռու լինելը ինձ հանգստություն չի բերել»:
    Հանդիպման  ընթացքում  խոսքուզրույցը ընդհատվում էր  հայտնի  երգերով, հեղինակը պատմում  էր, թե ինչպես են ծնվել այդ ստեղծագործությունները:  Նա նաև նշեց, որ   շատերի կարծիքով իր երգերը  քաղաքական ենթատեքստ ունեն, ինչը  մի փոքր  սխալ  նկարագիր է: Նա  իր երգերով արտահայտում է այն, ինչ կատարվում է երկրում, իսկ քաղաքականություն մտնել ու քաղաքական ենթատեքստ տալու նպատակ երբևէ չի հետապնդել:
    «Թիթեռ, սեր, ծաղիկ. դրանց մասին երգող շատ կա, բայց երգել նրա մասին, ինչ ազնիվ է, դա հեղինակային երգի առաքելությունն է:
    Հին ժամանակներում թագավորները ունեցել են ծաղրածուներ, և միայն նրանք են եղել ճշմարտության բարձրաձայնողները: Ես կարծում եմ, որ մենք էլ մեր ժամանակի   ճշմարտախոսներն ենք»,-նշեց երգահան Արմեն Մարտիրոսյանը:
    Ճշմարտախոս երգերի արվեստը  Արմեն Մարտիրոսյանը  տարածում է  օվկիանոսից այն կողմ: Նա դպրոց է հիմնել ԱՄՆ-ում ու  կիթառ է սովորեցնում հայ երեխաներին:
    «Տարեվերջյան համերգներ ենք կազմակերպում, որի հասույթը ուղարկում ենք  Գյումրու կարիքավոր ընտանիքներին,  քառօրյա պատերազմից  հետո ստեղծեցինք «Հայրենիքիս» խումբ և օգնում ենք զինվորների ընտանիքներին:
    Այս երեխաները վաղը կդառնան  Ամերիկայի քաղաքացիներ, բայց իրենց մեջ կունենան ազգային պատկանելիության զգացում
»,- ասում է  Արմեն Մովսիսյանն ու կատարում  սիրելի «Վեր, կաց, եղբայր իմ..» երգը:
    Նա ծրագրում է հաջորդ անգամ գալ Հայաստան իր աշակերտների հետ, որպեսզի վերջիններս գոնե մեկ անգամ լինեն իրենց հայրենիքում:  

                                                                                                     Անահիտ Հարությունյան
  • Created on .
  • Hits: 2659

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: