ՄԵԿ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ ՆՈՐ ՇԱՐՔ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

 Այսուհետ Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ը այցելուին կներակայանա «Մեկ աշխատանքի ցուցադրություն» ձևաչափով: Մեկնարկած ցուցահանդեսների առաջին շարքը կրում է «Բոլշայա Սպասսկայա, տուն 12» խորագիրը: Հենց այս նույն հասցեում է գտնվել Երանուհի Ասլամազյանի արվեստանոցը Մոսկվայում:

«Մոտ 620 աշխատանքներ կան, որ ցուցադրված չեն եղել և գտնվում են ֆոնդերում: Մենք մտածում ենք, որ հարկավոր է դրանց վրայից մաքրել ժամանակի փոշին ու ներկայացնել: Որոշել ենք թեմատիկ ցուցադրություններով դա անել: Այս անգամ թեման եղել է արվեստանոցը, ընտրել ենք այն աշխատանքները, որոնք Երանուհի Ասլամազյանն արել է մոսկավյան արվեստանոցում», - ցուցահանդեսի բացմանն իր խոսքում նշեց «Մարիամ և Երանուհի Ասլամազյանների պատկերասրահի» էքսկուրսավար Գոհար Սմոյանը:

Ընտրված երեք՝ «Իմ արվեստանոցում», «Իմ արվեստանոցի պատուհանը», «Արևելյան նատյումորտ ուղտերով» կտավներում առկա է ներքին ենթատեքստը, որը թելերով միավորում ու ամբողջացնում են հետաքրքիր միջավայրը, բազմագույն նկարագիրը:

«Ընտրել ենք այն գործերը, որտեղ ոչ միայն կա նատյուրմորտ առարկաներով, այլ նաև ներքին կենսաշերտեր: Ու այս ամենի մեջ, կարելի տեսնել կնոջ նկարագրերի հավաքականություն: Կինը իր կոկիկությամբ, տարբեր աշխարհներ սինթեզելու կարողությամբ, ջերմությամբ»,- նշեց Գոհար Սմոյանը: Աշխատանքներում զգացվում է Ռուսաստանի 70-80-ական թվականների իրականության շունչը: Նման ձևաչափով կներկայացվեն նաև մյուս գործերը:

Իսկ այն հարցին, թե ինչու տարիների ընթացքում աշխատանքները չեն ցուցադրվել, Գոհար Սմոյանը, պատասխանեց. «Ցանկացած ստեղծագործություն ցուցադրելու համար ֆինանսավորում է պահանջվում, երևի գումար չի հատկացվել, հիմա փորձում ենք ոչ մեծ քանակությամբ վերականգնել ու ներկայացնել: Կտավները վնասված են, որովհետև ջեռուցման հարցը տարիներ շարունակ պատկերասրահում լուծված չէ, պահելու պայմաններ ապահովված չեն»,-ասաց նա:


Անահիտ Հարությունյան
  • Created on .
  • Hits: 2625

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: