Լուք Բեսսոնի «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմի փակ պրեմիերան օգոստոսի 9-ին կայացավ Cinema Star Armenia-ում։ Մենք դահլիճում էինք՝ «դատելու»` ինչպիսին է ստացվել եվրոպական կինոարտադրության մեջ ամենամեծ բյուջե ունեցող ֆիլմը։ Ֆիլմի բյուջեն կազմել է 197 միլիոն եվրո։

Նախապատմությունը։ Դեռ մանկուց կոմիքսների հանդեպ թուլություն ունեցող Բեսսոնը կարծես թե իրականացրեց իր մանկության երազանքը՝ 58 տարեկանում նկարահանելով այս ֆիլմը Պիեռ Քրիստինի հեղինակած ֆրանսիական հայտնի «Վալերիան և Լորելին» կոմիքսների հիման վրա։ Թեև «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմի սյուժեն մի փոքր հեռու էր կոմիքսների բնօրինակից, սակայն ընդհանուր դրվագներ, այնուամենայնիվ, կարելի է տեսնել։

Սյուժեի բացահայտմամբ։ Հեռավոր ապագայում, ավելի կոնկրետ 2700 թվականին տիեզերական գործակալներ Վալերիանը և Լորելինը, ովքեր ծառայում են ԱԼՖԱ մոլորակի կառավարությանը, ստանում են չափազանց կարևոր առաջադրանք։ Առաջադրանքը, որը խճճված նախապատմություն ունի, այս երկու գործակալներին ստիպում է անցնել վտանգավոր փորձությունների միջով՝ բացահայտելու համար, թե ո՞վ է անմեղը, իսկ ո՞վ մեղավորը։ Չարի և բարու փոխհարաբերության բացահայտման վճռական դերակատարությունն իր վրա է վերցնում գլխավոր հերոսուհին՝ Լորելինը։ Հատկանշական է, որ ֆիլմի ողջ ընթացքն առաջին հայացքից թվում է արդարության հաստատման դասական օրինակ: Սակայն, առանց սիրո այն հնարավոր չէ և հատկապես տպավորիչ է փաստը, որ հերոսների դեպքում այդ սերը փոխադարձ է։

Անդրադարձ հերոսից՝ դերասանին։ Ֆիլմում հանդիսատեսը հավանաբար ակնկալում էր գլխավոր հերոսի դերում տեսնել առավել ազդեցիկ ու խարիզմատիկ կերպարի: Իսկ թե ինչո՞ւ հենց Դեյն Դեհանը դժվար է ասել, և հատկապես այն պատճառով, որ 30 անց լինելով, նա շարունակում է հիշեցնել դեռահասի։ Եվ այս պարագայում նման կարևոր «առաքելություն» նրա ուսերին դնելու հարցում Բեսսոնը, կարծում ենք, սխալվել է։
Ինչ վերաբերում է Լորելինի կերպարին, որը կերտում է Կարա Դելեվինը, ավելի արդարացված է թվում. մոդելին «վատ» աղջնակի ինքնավստահ կերպարը լիովին համապատասխանում է։ Բայց անգամ դերասանական գերազանց խաղի ու խարիզմայի դեպքում 2 ժամ տևողությամբ տիեզերական սագան դիտելը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հանդիսատեսը ժանրի սիրահար է։

Իր դերը հաջողությամբ է կատարում բարբադոսյան գեղեցկուհի Ռիհանան։ Նրանից դերասանական խաղ որպես այդպիսին չէր պահանջվում։ Մի քանի կերպար՝ մեկի մեջ, ինչը նա հաջողացրել է։

Ինչո՞ւ դիտել ֆիլմը։  «Հինգերորդ տարրը» ֆիլմի մեծ էկրան բարձրանալուց ուղիղ 20 տարի հետո Լուկ Բեսսոնը վերադարձավ կինո։ Այս վերադարձը տեսնելու անհրաժետություն իհարկե կա։

Անդրադարձը՝ Ալինա Նահապետյանի