ԿԻՆՈԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ

Ստեղծվել է՝ Հինգշաբթի, 28 Սեպտեմբեր 2017 Հեղինակ՝ cultural
Սերգեյ Փարաջանովի թանգարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Օրակարգում ներկայացված էր երկու հարց՝ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահի ընտրություն և Ամերիկյանի կինոակադեմիայի ամենամյա Օսկար մրցանակաբշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հայկական ֆիլմի ընտրություն:

Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ ընտրվեց ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, իսկ գլխավոր քարտուղար վերընտրվեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

Ամերիկյան կինոակադեմիայի 90-րդ Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար Հայաստանի կողմից որոշվեց ներկայացնել Անահիտ Աբադի «Եվա» դրաման, որը հանդիսանում է հայ-իրանական համատեղ արտադրություն:  

Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան 2016թ-ի փետրվար ամսից նախագահում էր  ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, որն համաձայն իր դիմումի սույն թվականի սեպտեմբեր ամսվա սկզբին հրաժարվեց նախագահությունից՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի՝ հոկտեմբերի 7-ին նախատեսվող ընտրություններին պատրաստվելու առիթով:
Դիտումներ: 1182