Здесь нашел интересный обзор

ԻՄ ԼԵԶՈՒՆ ԿԻՆՈԼԵԶՈՒՆ Է. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ստեղծվել է՝ Չորեքշաբթի, 04 Հոկտեմբեր 2017 Հեղինակ՝ cultural
  «Վերջապես պետք է բացվի կինոյի տան դուռը». այս խորագիրն է կրում կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ծրագիրը, որով նա ներկայանալու է հոկտեմբերի 7-ին կայանալիք համագումարին՝ որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու: Այդ օրը Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարում  ընտրվելու են միության նոր նախագահն և վարչությունը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հարություն Խաչատրյանը ներկայացրեց իր ծրագիրը՝ նշելով, որ մեծ պատասխանատվությամբ է մոտենում պաշտոնին, որի համար առաջադրել է իր թեկնածությունը: Նա բարձրաձայնեց ոլորտի հիմնական խնդրի մասին. «Հայաստանում դեռ չի ստեղծվել հայկական կինոտեսակը, որը մենք կարծում էինք՝ «Ոսկե ծիրան»-ով հնարավոր կլիներ անել: Ի՞նչ խոսք, մենք «Ոսկե ծիրան»-ով ստեղծեցինք մթնոլորտ և կարողացանք վարպետության դասեր անցկացնել, հրավիրեցինք հյուրեր, համաշխարհային լավագույն ֆիլմերը բերեցինք և ցուցադրեցինք Հայաստանում, հայկական ֆիլմերը շատացան, բայց պարզվեց՝ հայկական կինոտեսակը չառաջացավ: Որովհետև կա՛մ չկա կինոն զարգացնելու քաղաքականություն, կա՛մ չկա ուղղվածություն, կա՛մ էլ չկա ժամանակ, որ անդրադառնանք մեր կինոյի տեսակին»:

Հարություն Խաչատրյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչու է Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնը հետաքրքրել իրեն և որն է իր ծրագրի առավելությունը: Ռեժիսորի խոսքով՝ Կինոմիությունը տարիների ընթացքում հասցրել է բավական աշխատանք կատարել հատկապես կինոգործիչների սոցիալական պաշտպանվածության գործում, բայց այդպես էլ չի լուծվել իրավաբանական պաշտպանվածության հարցը: Ըստ նրա՝ հայկական կինոն այսօր այնպիսի վիճակում է, որ պետք է բոլոր կինոգործիչները հավաքվեն մի տեղ, կազմեն մի մեծ ուժ և փորձեն կինոն դարձնել մեր երկրի, ազգի ինքնարտահայտման գլխավոր միջոցը.

«Գիտեք, կինեմատոգրաֆիստներն առհասարակ բարդ մարդիկ են, բավական ինքնասիրահարված, բայց ժամանակն է եկել, որ բոլորին միավորենք: Իսկ կինոմիությունն այդպիսի հնարավորություն տալիս է: Այսօր կինոարտադրությունն առանձին է, կինոփառատոններն ու Կինոմիությունը՝ լրիվ առանձին, և չկա միավորող ուժ, գաղափար կամ նպատակ: Ես կուզեի, որ Կինոմիությունն իր շուրջը հավաքեր բոլորին և մասնակից լիներ օրենքի կայացմանն ու կինոարտադրությանը»:

Հարություն Խաչատրյանը նկատում է՝ պետք է հասարակությանը բացատրել, թե որքան հզոր զենք է կինոն Հայաստանի համար: Եվ կարևոր չէ, թե ով կընտրվի, կարևոր է, որ օր առաջ լուծվեն հիմնական խնդիրները, և հասարակությունը պահանջի այս ծրագրի իրագործումը. «Կարծում եմ՝ իմ փորձը, գիտելիքները, կապերն ու աշխատելաոճը դեռևս պետք են կինեմատոգրաֆիստներին»: 

Իսկ որո՞նք են լինելու այն առաջնահերթ անելիքները, որ ներկայացված են ծրագրում և կյանքի են կոչվելու Հարություն Խաչատրյանի ընտրվելուց հետո: Վերջինիս խոսքով՝ ամենակարևոր խնդիրն այսօր Կինոյի մասին օրենքի բացն է:

«Ես ամենայն լրջությամբ եմ վերաբերվում այդ օրենքին, որը չի կարող ընդունվել առանց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հստակ և միասնական եզրակացության: Կինոյի, կինոգործիչների, կինոարտադրության պաշտպանությանն ու զարգացմանը վերաբերող օրենքի կայացման գործում մենք չենք կարող ոչինչ չանել: Հակառակ դեպքում այդ օրենքի փլատակների տակ կմնա հայկական կինոն և նրա ապագան: Առաջնահերթություններից են նաև Կինեմատոգրաֆիստների միության երբեմնի հզոր դահլիճի նորոգումը, կինոյի պատմության թանգարանի կառուցումը, լրջորեն քննարկելու ենք կինոկենտրոնի, «Հայֆիլմ» կինոստուդիայի, այլ կինոստուդիաների, կինոարխիվի խնդիրները և այլն: Վերստեղծելու եմ կինոմիջավայրը, վերականգնելու եմ կինոմթնոլորտը. կինոյի տան դուռը վերջապես պետք է բացվի»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ այս պահին  առաջադրված թեկնածուներն  են ռեժիսոր  Վահե Գևորգյանցը՝ Ռուբեն Գևորգյանցի որդին, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը և «Հայաստանի ազգային կինոկենտրոնի»  նախագահ Գևորգ Գևորգյանը։

Աստղիկ Իսկանդարյան


0 0 11

0 0 111

0 0 11

0 0 0 11
Դիտումներ: 958