ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՄԻՏԱՍ «ՅՈԹ ԵՐԳ» ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԸ
Լուսինե Գրիգորյանի Կոմիտաս «Յոթ երգ» ձայնասկավառակում ընդգրկված են Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները:
Սկավառակը թողարկել է գերմանական ECM records-ը: Ձայնագրությունը իրականացվել է ECM records-ի հիմնադիր Մանֆրեդ Այխերի անմիջական ղեկավարությամբ։
Հայ մտավորական, հրապարակախոս Գրիգոր Շահինյանն այսպես է արտահայտվել դաշնակահարուհու մասին. «Զուլալ հոգով համեստ աղջիկ, որ մոտ է Կոմիտասին»:
Լուսինե Գրիգորյանը գյումրեցի է: Սովորել է Կարա-Մուրզա երաժշտական քոլեջում: Նա շարունակել է իր երաժշտական կրթությունը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Դասական երաժշտությանը զուգահեռ Լուսինեն նաև ուսումնասիրել է ժողովրդական երաժշտություն: Այսօր դաշնակահարուհին Կոմիտաս նոր երանգով է մատուցում:
Շնորհանդեսի հյուրերից էր Տիգրան Մանսուրյանը: Նա շնորհավորական խոսք հղեց դաշնակահարուհուն և կանաչ ճանապարհ մաղթեց անցնելիք ուղուն․ «Լուսինեի նվագի մեջ նրա ազգագրագիտությունն ու խելոքությունն եմ տեսնում: Զարմանալի աշխատանք է կատարել։ Նրա արածի մեջ հրաշքն այն է, որ ամբողջությամբ է ընկալում գործիքը»:
«Լուսինե Գրիգորյանի երաժշտությունը անսպառ ձայնային տիեզերք է՝ հիանալի հավասարակշռությամբ: Այն ցրված է բազմաթիվ ռիթմիկ և մեղեդիական ճառագայթներում»,- գրում է crescendo.de գերմանական կայքը:
Դաշնակահարուհու ձայնասկավառակում այլ գործերի շարքում են նաև «Մշո շորոր», «Հետ ու առաջ», «Ցողիկ» ստեղծագործությունները։
Մերի Հովհաննիսյան
- Created on .
- Hits: 2705